Բավ է պառակտվել
28-11-2022 21:16

Ադրբեջանն անարձագանք է թողել Ղարաբաղում տարածքների ականազերծման հարցում համագործակցության Հայաստանի կոչերը

Ադրբեջանը անարձագանք է թողել ղարաբաղյան հակամարտության գոտում տարածքների ականազերծման հարցում համագործակցության հայկական կողմի կոչերը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։

«Ավելին, մենք պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը»,- ասել է նախարարը։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։

«Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը»,- ​​ասել է Միրզոյանը։

ԿԽՄԿ տվյալները

Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։