Բավ է պառակտվել
13-09-2021 21:21

Ադրբեջանը ցանկացած պահի կարող է «կտրել» Կապանը Հայաստանից․ պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ

Այսօր Հայաստանում չկա ավելի կարևոր խնդիր, քան իրավիճակը Սյունիքում, ասել է երկուշաբթի ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։

«Ամենաթողության ու ամեն ինչ զիջելու պայմաններում ադրբեջանական կողմը լկտիանում է։ Որոտանի մոտ ոստիկանական հենակետ են դրել։ Իմ տեղեկություններով նրանք (ադրբեջանցիները) կանգնեցնում են իրանական բեռնատարները, մաքսատուրքի նման մի բան պահանջում, նոր միայն թույլ տալիս շարունակել ճանապարհը դեպի Երևան»,- ասել է նա։

Հակոբյանն իր տարակուսանքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանի ԱԱԾ-ն իր տարածած հայտարարության մեջ Որոտանն անվանել է ադրբեջանական անունով: «Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա, այո, ադրբեջանական տարա՞ծք է»,- ասել է Հակոբյանը։

Նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր Գորիս-Կապան (Սյունիքի մարզ, սահմանակից է ԻԻՀ հետ) միջպետական ճանապարհին ադրբեջանցի ոստիկանների կողմից իրանական բեռնատարների վարորդների վարորդական իրավունքների ստուգման մասին։ Համաձայն ԱԱԾ հայտարարության՝ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

Հակոբյանը հայտնել է նաև, որ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմեռվան, այնտեղ հիմնական կառույցներ են կառուցում:

«Այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է.․․Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է պարզապես կտրել Կապանը»,-զգուշացրել է պատգամավորը:
Նրա խոսքով, բոլոր խնդիրները կարելի է լուծել միակ ճանապարհով․ անհապաղ հեռացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի Ադրբեջանի հետ սահմանակից մարզերում (Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում) Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր մայիսի 12-ից ապօրինի հատել են ՀՀ պետական սահմանը՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ և մինչ օրս գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Հայաստանի հետ սահմանի երկայնքով ադրբեջանցի զինծառայողները ճանապարհների և դիրքերի շինարարության կանոնավոր փորձեր են ձեռնարկում, արձանագրվել են հայկական տարածքի կրակակոծման, Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներից անասունների գողության դեպքեր։

Հայկական կողմը բազմիցս պահանջել է Ադրբեջանին ԶՈւ-ից վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։
Մայիսի 27-ին վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հայելային եղանակով հետ քաշել կողմերի զինված ուժերը ելման դիրքեր, Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների։ Դրանից հետո, ըստ իր պլանի, կարելի կլինի սկսել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։