ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ըստ տվյալ պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանի տարածքից ևս 10 քառ. կմ է օկուպացրել
«Թշնամին ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք. Դա փաստ է։ Եվ մեր զինված ուժերն աշխատում են այդ ներխուժումը վերացնելու ուղղությամբ։ Անցյալ տարվա մայիսին 40 քառ․կմ տարածք են օկուպացրել մեր երկրից։ Այս պահի դրությամբ, կարող եմ ասել, որ ևս 10 քառ․ կմ են օկուպացրել: Ագրեսիա է տեղի ունեցել, և մենք ասում ենք, որ դա չենք ընդունևմ։ Նրանք պետք է դուրս գան մեր տարածքից, և սա մեր քաղաքական դիրքորոշումն է»,- չորեքշաբթի օրը խորհրդարանում կառավարության ժամին ասաց նա։
Ի պատասխան ադրբեջանական կողմի՝ 100 զինծառայողների դիերը Հայաստան հանձնելու պատրաստակամության մասին տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, որ արդեն հայտնել է զոհվածների թիվը։
«Առաջարկում եմ, չառաջնորդվենք, առավել ևս՝ չքննարկենք քարոզչական պատերազմի շրջանակներում դաշտ նետված թեզերն»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը զգալիորեն նվազել է, բացառությամբ Ջերմուկի և Վերին Շորժայի շրջանների, որտեղ հակառակորդը կրակ է վարում մարտական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։
Հայկական կողմն, ըստ նախնական տվյալների,ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։