Բավ է պառակտվել
28-03-2023 15:46

Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Արցախի հայ բնակչությանը․ ՀՀ ԱԺ խոսնակ

Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը և կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը: Այս մասին երեքշաբթի ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է խորհրդարանի մամլո ծառայությունը։

Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը և խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի և հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:

Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից և հումանիտար բազմաշերտ խնդիրներից:

ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը:

«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա:

Նա հավելել է, որ Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիայի կառավարությանը՝ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար:

Բունդեսթագի ղեկավարը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ջանքեր ներդնել իրադրության շտկմանը նպաստելու, ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գերմանացի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: