Բավ է պառակտվել
14-09-2022 18:45

Ադրբեջանը հրթիռահրետանային հարված է հասցրել Հայաստանում տեղակայված զորամասին․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին ժամը 18.00-ի դրությամբ իրադրությունը շարունակում է լարված մնալ, հայտարարեց պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արամ Թորոսյանը:

«Ժամը 15.00-ից 17.00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը: Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր: 16.40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս պահին հրդեհը մարվել է»,- ասաց նա:

Թորոսյանի խոսքով՝ ժամը 17.00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է
ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները թշնամուն համարժեք պատասխանելու համար:

«Հայկական կողմի զոհերի այս պահին հաստատված թիվը` 105, հրապարակվել է քիչ առաջ վարչապետի կողմից, իսկ վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի 1-28 հեռախոսահամարը»,- ասաց նա:

Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։ Հայկական զինված ուժերը համաչափ պատասխան են տալիս.

Հայկական կողմն, ըստ նախնական տվյալների, ունի 105 զոհ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։