Բավ է պառակտվել
16-09-2022 18:53

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներից․ ԱԽ քարտուղար

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել, ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում։

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է պահանջել, որ որ ադրբեջանական զորքերը դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից։

«Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի»,- ասել է նա։

Ըստ Գրիգորյանի, ընդհանուր առմամբ կարելի է ակնկալել, որ հրադադարը երկարաժամկետ կլինի, «բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք»։

Նա նաև նշել է, որ հրադադարի ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել։

«Բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել»,- հավելել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ պայմանով է կրակը դադարել, ԱԽ քարտուղարն ասել է. «Հայաաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել»։

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00.05-ին, ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները հրետանուց, անօդաչու թռչող սարքերից և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի, Իշխանասարի ուղղությամբ սկսել են ինտենսիվ հրետակոծել հայկական դիրքերը, և առաջխաղացման փորձեր արել։

Սեպտեմբերի 16-ի առավոտյան դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 14-ի երեկոյան հայտարարված հրադադարից հետո իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել։

Հայկական կողմից, ըստ նախնական տվյալների, զոհվել է 135 անձ, կան վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Հայտնի է Ադրբեջանի կողմից գերեվարված առնվազն 10 զինծառայողի մասին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում ռազմական դրություն մտցնելը նպատակահարմար չէ։