Բավ է պառակտվել
10-09-2019 13:28

«Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, Հայաստանը չի ապահովի կոնսենսուս»․ Ռուբեն Ռուբինյան

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չի կարծում, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Ադրբեջանն ունի ծանրակշիռ դեր։ Այս մասին ասաց փոխարտգործնախարարը Աժ –ում պատասխանելով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։ Իսկ Բաբաջանյանը նշում է,որ չլինելով այդ կազմակերպության անդամ ավելի ծանրակշիռ դեր ունի քան մենք։
Քոչարյանը նշեց որ այս նախագծում , հստակեցնում են պահանջները, հետևաբար արդեն պատգամավորի մտավախության աստիճանը պետք է նվազի:
Նշենք,որ ԱԳ փոխնախարարը խորհրդարանին ներկայացնում էր «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Քոչարյանի ներկայացմամբ, գործող կարգի համաձայն, պետությունները կարող են ստանալ դիտորդի կարգավիճակ ՀԱՊԿ-ում, սակայն մանրամասներ չկան, հստակ չի եղել։ Առաջարկվող փոփոխություններով, ըստ փոխնախարարի, հստակեցվում է գործընթացը, ներկայացվում են դիտորդի կարգավիճակ ունեցողի պահանջները։ Բացի այդ, նախատեսվում է ՀԱՊԿ-ում գործընկերոջ կարգավիճակ։
«Այս դեպքում հստակեցվում են պահանջները, և ձեր մտավախությունների աստիճանը էապես պետք է նվազի: Երբ խոսում ենք, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի ավելի բարձր կշիռ, իրականում ինքն այնտեղ որևէ կշիռ չունի: Ինքն ունի անուղղակի ազդեցություն, այլ անդամ պետությունների միջոցով, բայց կշիռ՝ ոչ»:,–ասաց Քոչարյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նշեց,որ ՀԱՊԿ չափազանց կարևոր գործընկեր է Հայաստանի համար, բայց որևէ մեկը չի կարող պնդել, որ կառույցն արդյունավետ է։ Պատգամավորն առաջարկեց բարեփոխումներ նախաձեռնել այդ կառույցում։
«Հիմա մենք մեր հանրության մոտ այս կոնտեքստում ձևավորում ենք մի այնպիսի պարանոյիկ սպասում, որ վա՜յ, Ադրբեջանը կգա ու կդառնա գործընկեր։ Իսկ մենք մտածե՞լ ենք՝ միգուցե այս կոմպլեքսի մեջ, անվտանգային այդ համակարգի մեջ դա Հայաստանին միգուցե օգուտ տա», –ասաց Ենգիբարյանը։ Պատգամավորը բերեց Թուրքիայի և Հունաստանի օրինակը․ այդ երկրները 50-ական թվականներից ՆԱՏՕ-ի կազմում են։ Ենգիբարյանը պնդեց, որ այդ երկրները դրա շնորհիվ կարողացել են խաղաղություն պահել։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը էլ հարկ համարեց պատասխանել Արման Բաբաջանյանի՝ ասաց,որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և առանց Հայաստանի, ՀԱՊԿ-ում չեն կարող որոշումներ ընդունվել։ Նա հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում գործընկեր և դիտորդ պետությունների կարգավիճակի ամրագրումը Հայաստանին թույլ կտա կազմակերպության աշխատանքներին ներգրավել այն երկրներին, որոնց ներկայությունը դրական է գնահատվում Հայաստաննի կողմից։
«Բայց Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս։ Ամեն ինչ այդքան պարզ է», – հայտարարեց Ռուբինյանը։

 

Արմինե Գևորգյան