Բավ է պառակտվել
19-05-2022 12:04

Ադրբեջանը անկլավների նկատմամբ հավակնությունների հիմքեր չի ներկայացրել․ Հայաստանի ԱԽ քարտուղար

Ադրբեջանը (հայկական տարածքում) անկլավների նկատմամբ հավակնությունների հիմքեր չի ներկայացրել, ասել է Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր, մինչդեռ հայկական կողմը հիմնավորումներ ունի Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավների վերաբերյալ», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում։

Նա նշել է, որ հայկական կողմը ակնկալում է, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում՝ եթե այդ հարցը բարձրացվում է։

Ավելի վաղ Գրիգորյանը ՀՀ խորհրդարանում հնարավոր լուծումը ներկայացրել էր այսպես․ Հայաստանի անկլավները մնում են Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում, մնում են ՀՀ-ին։ Նա նշել էր, որ մինչ այժմ անկլավների հարցը չէր բարձրացվել։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվածություն ձեռք բերեցին ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:
Փաշինյանն ու Ալիևը նաև հանձնարարել են արտաքին գործերի նախարարներին սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: