Բավ է պառակտվել
05-01-2023 11:42

Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում Ղարաբաղում ճգնաժամը կարգավորելու համար՝ չնայած միջազգային արձագանքին․ Փաշինյան

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր. Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի լայն արձագանք է հարուցել։ Չնայած սրան՝ Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրաունակության վերաբերյալ։

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։ Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց իմ համոզմամբ ամենախորը և իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- ասել է վարչապետը։

Նա նշել է, որ միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը։ «Այս իմաստով մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, և Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- նշել է վարչապետը։

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպումից հետո Պրահայի պայմանավորվածությունների իրականացմանը։

Նա նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումն էլ ավելի է անհրաժեշտ դարձնում միջազգային փաստահավաք խմբի գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք։ «Անհրաժեշտ է հետևողական ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ասել է Հայաստանի վարչապետը։