Բավ է պառակտվել
01-12-2020 18:28

Ադրբեջանը նամակ է հանձնել, որտեղ Արցախի համար աստծղաբաշխական ​​գումար է առաջարկել փաշինյանին՝ Աղվան Վարդանյան

Այսօր ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ վերջին շրջանում վարչապետ նիկոլ փաշինյանի արած կադրային փոփոխություններին: Նախ ասուլիսը սկսեց հարցադրումներով. 

- «Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ:

- Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»:

Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը:

Հաջորդ հարց բացահայտումը վերաբերում էր փաշինյանի ընտանեկան միջավայրում, սուրճի սեղանի շուրջ նրան արված դիտողությանը, թե ՌԴ-ի դեմ իր քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ պատերազմը՝ հազարավոր զոհերի: Այստեղ, ըստ Վարդանյանի, խոսակցությանը միջամտել է փաշինյանի տիկինը՝ ասելով. «Թող մի 5000 հոգի էլ զոհվեն: Բա ուզում են հողերը պահել, չեն ուզում զոհվել»:

Վարդանյանը հույս ունի, որ իմքայլական պատգամավորների մեծ մասը կգիտակցեն այս ողբերգության խորությունը, կգիտակցեն, որ կռապաշտությամբ հնարավոր չէ երկիր պահել ու իրենց որոշումը կկայացնեն. «Նրանք, ովքեր կգիտակցեն սա, ընտանիքներ, երեխաներ, ծնողներ ունեն, այս երկրում պիտի ապրեն, մասնակցեն այս պետության վերականգնմանը և այդ մարդկանց պետք է շանս տալ այսօր»:



Աղվան Վարդանյանը նշեց, որ այսօր նիկոլը կառավարության անդամներ է նշանակում, այն դեպքում երբ հրամանագիր ստորագրողը նույնպես պահանջում էր կառավարության հրաժարականը, աբսուրդ»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Քաղաքական գործիչը նշեց, որ զարմանալի է նախարարների փոփոխությունն այն պարագայում, երբ նիկոլ փաշինյանը պատերազմից հետո հայտարարել է, որ Կառավարությունը հնարավոր ամեն բան արել է: Վարդանյանը ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, թե ովքե՞ր են փոխարինում նախկին նախարարներին:

«ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյան, ՀԱԿ-ական է, երկար տարիներ սրա կուռքը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, հետո, նաև հիմա, նրա կուռքը նիկոլն է: Ես կռապաշտ կրթության, մշակույթի նախարար չեմ պատկերացնում: Այդ մարդը նախարար նշանակվելուց 3 օր առաջ պահանջել է կառավարության հրաժարականը»,- ասաց Վարդանյանը:
Անդրադառնալով Պաշտպանության նոր նախարարին՝ քաղաքական գործիչը հիշեց, որ նիկոլ փաշինյանը պատերազմից հետո բանակն արդիականացնելու մասին էր խոսում:
«Ամենահին, անողնաշար, Անդո Քոչարյանի թաշկինակ Վաղարշակ Հարությունյանո՞վ, ով քիմիկ-պոդվոդնիկ է, առաջնագծում երբեք չի եղել, ով Ապրիլյան քննիչ հանձնաժողովում Անդո Քոչարյանի փորձագետն էր, այն Անդո Քոչարյանի, որը, ըստ ԳՇ նախկին պետի, միայն ու միայն վնասել է ԶՈւ-ին, խառնվել է կադրային հարցերին, ռազմական տեխնիկայի մատակարարումներին: Վստահ չեմ, որ Վաղարշակ Հարությունյանը տարբերում է վառոդի և սաունայի հոտերը»,- ասաց Վարդանյանը:

Սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին փոխարինել է menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը:
«Նախկին ու ներկա բիզնեսները սնանկացրած Վահան Քերոբյան, իմացանք, որ պատրաստվում է ներխուժել ադրբեջանական և թուրքական շուկա: Մի բան հուշեմ:  Մեկ ուրիշ կայք կա՝ shirim.am, թող գտնեն այս կայքի տնօրենին, նշանակեն հեռահաղորդակցության նախարար, կապ այն աշխարհի հետ»:

Բացի նախարարներից, այս օրերին եղել են նաև այլ նոր նշանակումներ: Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել  Մեսրոպ Մեսրոպյանը։
«Կոտայքի մարզպետ նշանակվեց արտաքին տպավորությամբ «Իմ քայլը» խմբակցության տղամարդ Սասուն Միքայելյանի քենակալը, թե աներձագը: Նույն Կոտայքի մարզկենտրոնի՝ Հրազդանի քաղաքապետն էլ նրա տղան է: Դուք ասեք՝ որտե՞ղ է այսօր Սասունը: Մանվել Գրիգորյանը 20 տարի երկրապահի նախագահ է եղել, նրա մահվան կապակցությամբ Սասունը մի բառ ասե՞լ է: Նոյեմբերի 9-ից հետո Սասունը մի բառ ասե՞լ է»:

«Այս բոլոր նշանակվածները բեսպիլոտնիկներ են, մարդ չկա մեջը, բայց ավերներ կարող են գործել»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանը նաև հարց բարձրացրեց, թե արդյո՞ք Փաշինյանը 2019-ի առաջին կեսին ասել է, որ ՌԴ-ն, ՀՀ ԱԱԾ-ն ու Արցախի ղեկավարությունն իր դեմ դավադրություն են պատրաստում: Իսկ կես տարի անց, երբ Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, փաշինյանը ցանկացել է ուղիղ եթեր մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից: Ու նրան դժվարությամբ են համոզել, որ չանի:

Շարունակելով թեման՝ Վարդանյանը հիշեցրեց, որ վերջին 2 ամսում Փաշինյանը տասնյակ անգամներ զանգահարել է Պուտինին. «Արդյո՞ք, եթե մինչև պատերազմը, առանց կուլիսային խաղերի մի 3 անգամ զանգեր, պատերազմն այլ ընթացք չէ՞ր ունենա»,– հարցրեց նա։

Իսկ 1 տարի շարունակ, ըստ Վարդանյանի, ՀՀ վարչապետը, չի կարողացել հանդիպել Պուտինին:
«Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր ու վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան»,- ասաց Վարդանյանը:

Երբ 2018 թ–ին մայիսի 1-ին, երբ ԱԺ-ն վարչապետ էր ընտրում, Աղվան Վարդանյանը մարգարեկան կանխատեսում էր արել։ Այսօր, երբ լրագրողները հիշեցրին այդ մասին,

Աղվան Վարդանյանն ասաց. «Ես առանց հիմքի ոչ մի բան չեմ ասի: Ես 2018-ի հուլիսին մի բան էլ եմ գրել: Մի քառատող կասեմ.

Արյուն եմ տեսնում, նզովք ու թույն,
Տեսնում եմ մահվան սեւ պատարագ,
Սերմանելու է ամայություն
Հրեշտակակերպ այս սատանան…

«Ցավոք, ամեն ինչ այդպես էլ եղավ»,- եզրափակեց Վարդանյանը՝ ասելով, որ իհարկե, ամեն ինչ կտար, միայն թե կանխատեսումներն այսքան դաժանորեն չիրականանային: Հիմա էլ Աղվան Վարդանյանը վստահ է՝ Փաշինյանը ինքնակամ հրաժարական չի տա, բայց քաղաքական ուժերը կհամախմբվեն ու նրան կհեռացնեն, որովհետեւ նա «զրո շանս» ունի իշխանության մնալու: Իսկ թե ով կգա իշխանության՝ Աղվան Վարդանյանն ասաց հստակ մեկ բան՝ «Նիկոլից վատ չի լինի»: Նա հորդորեց եւս 3-4 օր սպասել:

Արմինե Գևորգյան