Բավ է պառակտվել
20-04-2021 19:22

Ադրբեջանը փորձում է լուծել վիճելի հարցերը բարբարոսական, մեթոդներով․ Արարատ Միրզոյանի ելույթը Եվրանեսթում

Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթը է ունեցել Եվրանեսթ ԽՎ 9-րդ նստաշրջանում։

«Վեց ամիս առաջ մենք ականատես եղանք Ադրբեջանի կողմից ուժի չկիրառման սկզբունքի կոպտագույն խախտման. 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սանձազերծեց Արցախի դեմ: Չնայած բազմաթիվ փաստերին, որոնք ապացուցում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և վերջինիս հետ կապվող օտարերկրյա ահաբեկիչների ներգրավմամբ, նախապես ծրագրավորված էր, Ադրբեջանը ցայսօր ցինիկաբար մեղադրում է Հայաստանին պատերազմ հրահրելու մեջ»,- ասել է Միրզոյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետևողական և միտումնավոր խախտումները շարունակում են լրջորեն խարխլել հայտարարության լիարժեք իրականացումը և առաջ են բերում նոր մարտահրավերներ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատելու և հայրենադարձելու պարտավորությունը միանշանակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

«Սակայն ադրբեջանական կողմը զանազան պատրվակներով շարունակում է անտեսել իր հանձնառությունները: Ադրբեջանի կառավարությունը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցը, համաձայն որի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր տեղեկություն տրամադրել կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձնելու ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ: Ցանկանում եմ պարզաբանել մեր եվրոպացի գործընկերներին, որ Ադրբեջանի այսպիսի գործողությունները լուրջ ռիսկեր են ստեղծում Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման և կայունության ստեղծման համար»,- ասել է Միրզոյանը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, որով այն սնել է իր քաղաքացիներին տասնամյակներ շարունակ: Այսպիսի այլատյացության և ատելության վարքագիծը պարզորոշ կերպով ցուցադրում է, որ Ադրբեջանը փորձում է լուծել վիճելի հարցերը բարբարոսական, այլ ոչ թե քաղաքակիրթ մեթոդներով:

«Մենք կոչ ենք անում մեր գործընկերներին դատապարտել Ադրբեջանի անօրինական և պարսավելի գործողությունները: Ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը պետք է իրականացվի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների և արհեստականորեն ստեղծված խոչընդոտների: Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս լուծված չէ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացված չէ: Մենք հաստատակամ ենք շարունակելու բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ես կոչ եմ անում բոլոր միջազգային գործընկերներին աջակցել այս ձևաչափի աշխատանքներին»,- ասել է Միրզոյանը: