Բավ է պառակտվել
05-12-2022 15:27

Ադրբեջանը Հայաստանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծը և մինչև տարեվերջ սպասում է բանակցությունների երրորդ փուլին

Ադրբեջանը պատրաստել և Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի նախագիծ, հայտարարել է ԱԳՆ ղեկավար Ջեյխուն Բայրամովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա նաև հնարավոր է համարել Հայաստանի հետ բանակցությունների երրորդ փուլի անցկացումը մինչև 2022 թվականի ավարտը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։

Երևանի և Բաքվի առաջարկների և խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին

Այս տարվա գարնանը միջնորդները Հայաստանին ներկայացրել են երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հինգ հիմնարար սկզբունքների հիման վրա հիմնված Ադրբեջանի առաջարկը։ Դրանք, մասնավորապես, ներառում են Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում, երկու պետությունների` միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում, ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնալիք ներկայացնելուց, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ հանգամանքներից, պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտի և հաղորդակցությունների բացում, այլ հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն։

Ի պատասխան՝ հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր 6 կետերը։ Դրանցից մեկն այն է, որ «հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը»։ Հայկական կողմի կետերը վերաբերում են տարածքային պահանջներին, արցախահայությանը տրվող երաշխիքներին, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ հայտարարություններին, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի բանակցություններին։

Հայկական կողմի մոտեցումն այն է, որ այս երկու փաթեթները (5 + 6) պետք է համատել և բանակցություններ սկսել խաղաղ պայմանագրի շուրջ՝ Լեռնային ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծում գտնելու համար։