Բավ է պառակտվել
28-02-2023 22:27

Լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքները․ ՀՀ արտգործնախարար

Լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին իր ելույթում։

«Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում», - Միրզոյանի խոսքերն է մեջբերում ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի:

«Նույն կերպ Ադրբեջանը չի հետաքննել արտադատական սպանությունները, մահացած հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց մարմինների խոշտանգումները, անդամահատումները և պղծումները, ինչի վերաբերյալ հստակ կոչ էր հնչեցվել ՄԱԿ մանդատակիրների կողմից: ՄԱԿ մարդու իրավունքների փորձագետները նաև ընդգծել են, որ իրենք դեռ ակնկալում են Ադրբեջանից ստանալ «տեղեկատվություն ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների կալանավորման փաստացի և իրավական պատճառների, ինչպես նաև անհետացածների ընտանիքներին նրանց ճակատագրի և ճշգրիտ գտնվելու վայրի մասին տեղեկացնելու վերաբերյալ ձեռնարկված միջոցների մասին»,- ասել է նա։

Միրզոյանն արտահայտել է Հայաստանի հաստատակամ համոզմունքը, որ ՄԱԿ միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։
«ՄԱԿ-ն օժտված է համընդհանուր մանդատով և պետք է անվերապահ և անխոչընդոտ հասանելիություն ունենա դեպի կարիքի մեջ գտնվող անձինք: ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Աշխարհը պետք է ականատեսը լինի միջազգային մեխանիզմների կիրառման դրական և հաջողված օրինակների, որոնց համար էլ հենց ստեղծվել և մանդատ են ստացել այդ մեխանիզմները։ Միջազգային համակարգը չի կարող ևս մեկ ձախողում իրեն թույլ տալ», - շեշտել է նա: