Բավ է պառակտվել
08-10-2020 14:55

Ադրբեջանը  չի կարողանա ազատվել միջազգային ահաբեկչության հանցակիցի խարանից - Մարուքյան

«Մեր բոլոր գործընկերներին կարողացել ենք հասցնել այն միտքը, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է գործադրում, հետևաբար սնուցում է միջազգային ահաբեկչությունը և կապված է միջազգային ահաբեկչության հետ»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և այն  լուրջ ձեռքբերում  գնահատեց ընդդեմ ահաբեկչական Ադրբեջանի:

«Ադրբեջանը դեռ երկար տարիներ չի կարողանա ազատվել միջազգային ահաբեկչության հանցակիցի խարանից»:

Մարուքյանը տեղեկացրեց, որ  Եվրոպայի խորհրդարանում նախորդ օրը եղել են մեծ թվով շատ լավ պրոհայկական և պրոարցախյան ելութներ:

Նրա խոսքով տեղի է ունեցել նաև Եվրոպայի խորհրդի մոնիթորինգի հանձնաժողովի փակ նիստ, որում որոշվել է որ հրատապ դեբատ է լինելու Արցախի խնդրով, որի մեկնարկի օրվա մասին լրացուցիչ կտեղեկացնի: Պատգամավորը չբացառեց, որ դեբատների արդյունքում Եվրոպայի խորհրդի կողմից ռեզոլուցիա ընդունվի:

Միեւնույն ժամանակ, նա պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանը որոշեց դիմել միջազգային տարբեր ահաբեկչական խմբավորումների օգնությանը: «Պատերազմի ընթացքում իր կորուստները նվազագույնի հասցնելու համար Ադրբեջանը սկսեց փողի դիմաց վարձկաններ եւ   ահաբեկիչներ հավաքագրել: Օրինակ, եթե նրանք ունեն 500 սպանված, իսկ նրանցից 400-ը ահաբեկիչներ կլինեն, ապա մարդկանց կասեն, որ նրանք ընդամենը 100 մարդ են կորցրել: Համոզված եմ, որ թուրքական կողմն է նրանց առաջարկել այս գաղափարը: Արդյունքում ՝ միջազգային ահաբեկչությունը հայտնվեց Ադրբեջանի գրպանում»,- ասաց Մարուքյանը:

Ընդ որում, խորհրդարանականը նշեց, որ Ալիեւների կլանն ապագայում լուրջ խնդիրներ է ունենալու միջազգային ասպարեզում, քանի որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության նման վարքագիծը դժվար թե այնտեղ ընդունվի:

 

 

Արմինե Գևորգյան