Բավ է պառակտվել
10-12-2014 11:37

Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը

Բրյուսելում, դեկտեմբերի 9-ին, կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստը, որը համանախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արեւելյան Գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը: Նիստին մասնակցում էր հայկական պատվիրակությունը հետեւյալ կազմով՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, արդարադատության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը: Նիստի ժամանակ կողմերը քննարկել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր, ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական եւ ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձեւաչափի ձեւավորմանն ու առեւտրատնտնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաեւ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր: Որոշվել է շարունակել քննարկումները եւ առաջիկա ամիսների ընթացքում տեսակոնֆերանսների եւ բանակցությունների միջոցով հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցութան ապագա իրավական ձեւաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար եւ կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման եւ զարգացման համար: Օրակարգում ներառված էին նաեւ օրենքի գերակայությանը, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հարցեր եւ այլն: Նիստի ընթացքում ներկայացվել եւ քննարկվել են նաեւ վիզայի դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի, վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ում իրականացվող տրանսպորտային ծրագրերի եւ այդ ծրագրերին ԵՄ հետագա աջակցության, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի, ՀՀ արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների եւ, համապատասխանաբար, մի շարք օրենքներում եւ իրավական ակտերում իրականացվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Մեծամորի ատոմակայանի վերազինման եւ արդիականացման, ԵՄ աջակցությամբ իրականացվող Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մշակման եւ դրա հետագա իրականացման հարցերին: Դեկտեմբերի 8-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի Տրանսպորտի հարցերով նորանշանակ հանձնակատար Վիոլետա Բալկի հետ: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Հիշեցնենք, որ 1996 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Համայնքների եւ նրա անդամ պետությունների միջեւ կնքվել է Գործընկերության եւ Համագործակցության մասին Համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 1999 թվականի հուլիսի 1-ից: Համաձայնագրի 80-րդ հոդվածի համաձայն ստեղծվել է ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտե, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, ռոտացիոն կարգով` Երեւանում եւ Բրյուսելում: