Բավ է պառակտվել
05-05-2016 16:43

Բաբայան. Արցախի ճանաչումը բանակցությունները կհանի փակուղուց

Արցախի անկախության ճանաչման օրինագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանում խաղաղության պահպանման ու բանակցային գործընթացի վերսկսման վրա
Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը մեկնարկել է,  ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Հայաստանի կառավարությունը մայիսի 5-ի նիստում հաստատել է Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծի եզրակացությունը` ուղարկելով այն խորհրդարան։

«Մենք կառավարության որոշումը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից։ Դա վերջնական ճանաչում չէ, բայց գործընթացը սկսվել է, ինչպես ժամանակին ասել է դասականներից մեկը։ Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը դրական կանդրադառնա տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և փակուղում գտնվող բանակցային գործընթացի վերսկսման վրա»,- ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` եթե Ադրբեջանը կրկին բռնի պատերազմի ճանապարհը, ապա ճանաչումն այլընտրանք չի ունենա։
Եթե Ադրբեջանը փոխի իր ռազմավարությունը և պատրաստ լինի կառուցողական բանակցությունների, ապա, Բաբայանի խոսքով, Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կարող է մի քիչ հետաձգվել։ Միաժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը չի սահմանափակվում միայն Հայաստանով։
«Մենք կաշխատենք, որ մեր անկախությունը ճանաչեն հնարավորին չափ շատ երկրներ և սուբյեկտներ»,- նշեց Բաբայանը։