Բավ է պառակտվել
23-12-2022 15:08

Բաքուն և Երևանը պետք է կարգավորման ուղիներ փնտրեն. Լավրովը՝ Բայրամովին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսության հնարավորություններ և խաղաղ համաձայնության հասնելու ուղիներ փնտրեն, Ռուսաստանը հույս ունի արագացնել այդ աշխատանքը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկին։
«Հավանության են արժանացել չորս եռակողմ հայտարարություններ, որոնց վրա աշխատանք է տարվում, բայց, իհարկե, լավ կլիներ արագացնել այդ աշխատանքը: Եվ ինչ հարցեր էլ ծագեն տեղում, ես համոզված եմ, որ առավել ևս անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել, պայմանավորվել, ամրապնդել վստահությունը և հող նախապատրաստել բոլոր հարցերի կարգավորման համար», - ասել է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը (ՏԱՍՍ-ի մեջբերում)։
Նա ափսոսանք է հայտնել արտգործնախարարների ուրբաթ օրը Մոսկվայոիմ կայանալիք եռակողմ հանդիպումից հրաժարվելու՝ հայկական կողմի որոշման կապակցությամբ։
Նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտնել էր, որ հայկական կողմը պատրաստ է մասնակցել Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, սակայն խնդրել է հետաձգել այն՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի և Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պատճառով։

Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքի առաջնահերթությունն այս պահին Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկումն է՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, և Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների լուծումը։