Բավ է պառակտվել
14-07-2021 23:22

Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել․ Հայաստանի ԱԳՆ-ն՝ հայ զինծառայողի սպանության մասին

Հայաստանի ատգործնախարարությունը հայտարարություն է տարածել ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանության կապակցությամբ, հայտնում է գերատեսչության մամլո ծառայությունը։

Հուլիսի 14-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխ հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Գագիկ Սամվելի Ալավերդյանը:

«Հուլիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրին հարող հատվածում նախաձեռնվել է սադրիչ առաջխաղացում, որի հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցումից հետո տեղի ունեցած այս սադրիչ գործողություններն ակնհայտորեն վկայում են, որ պաշտոնական Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- ասվում է հայտարարությունում։

Գերատեսչությունը Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության դեմ կատարված այս ոտնձգությունը, որը հանդիսանում է նաև միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտում: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից նմանօրինակ քայլերի ձեռնարկումը կարող է հանգեցնել իրավիճակի հետագա սրմանը, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները: