Բավ է պառակտվել
16-11-2021 15:59

Բաքուն փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին․ Հայաստանի ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը, նոյեմբերի 16-ին նախաձեռնած հարձակումն ուղեկցում են լայնածավալ ապատեղեկատվական արշավով, հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

“Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր, կեսօրին, մինչև բուն հարձակումն սկսելը, տարածել էր հաղորդագրություն, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նոյեմբերի 15-ին և 16-ին հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի ուղղություններով գնդակոծել են ադրբեջանական դիրքերն”,- ասվում է հայտարարությունում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նշում է, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նաև պնդում է, թե ՀՀ զինված ուժերը գործողություններ են իրականացնում Տավուշի ուղղությամբ։

“Նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձում է իր լայնածավալ սադրանքի համար մեղադրել հայկական կողմին, այդուհանդերձ, առավել քան ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախահարձակ եղել՝ գրոհելով հայկական դիրքերը՝ հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ”,- ընդգծվում է հայտարարությունում։

Սրացում սահմանի արևելյան հատվածում

Ինչպես երեքշաբթի տեղեկացրին Հայաստանի պաշտպանության նախարարությունից, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանը հերթական սադրանքի է դիմել՝ օգտագործելով հրետանի և զրահատեխնիկա։ Թեժ փոխհրաձգության արդյունքում հակառակորդը կորցրել է զրահատեխնիկա, կանխվել է նրա առաջխաղացումը։ Ժամը 14:00-ի դրությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Անվտանգության խորհրդի տվյալներով՝ նոյեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածներից մեկում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները զրահատեխնիկայի օգնությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, ինչի արդյունքում շրջափակման մեջ է հայտնվել Հայաստանի զինված ուժերի չորս մարտական ​​դիրք։ Բանակցություններից հետո ադրբեջանական զինտեխնիկան և զորքերը լքել են Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել վերը նշված չորս մարտական ​​դիրքից։

Հայաստանի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա, որոնք ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և հանրապետության ու տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին։