Բավ է պառակտվել
14-04-2021 10:49

Բաքուն պահանջում էր միանգամից բոլոր 7 շրջանները․ Փաշինյանը՝ պատերազմի ընթացքում քննարկումների մանրամասների մասին

Կառավարության ղեկավարի խոսքով, բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը կտրուկ կոշտացրել էր իր դիրքորոշումը՝ հրաժարվելով քննարկել Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Չորեքշաբթի խորհրդարանի նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղում պատերազմի ընթացքում, մասնավորապես՝ հոկտեմբերի 19-ին ԱԽ նիստի և դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկումների որոշ մանրամասներ ներկայացրեց։

Նրա խոսքով՝ արդեն հոկտեմբերի երկրորդ կեսին, վերլուծելով իրավիճակը, խորհրդակցելով Արցախի նախագահի և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ որոշել է, որ պետք է նաև ծանր զիջումների ճանապարհով հասնել հրադադարի։

«Այդ կապակցությամբ հրավիրել եմ ԱԽ նիստ, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Ես նրանց հրավիրել էի ոչ թե իրենց հետ պատասխանատվություն կիսելու, այլ նրանց տեղեկացնելու համար»,- ասաց նա։
Այդ նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահն ու Կաթողիկոսը:

Նիստից հետո նա զանգահարել է Ռուսաստանի նախագահին և ասել, որ Հայաստանը ուզում է հրադադար Ադրբեջանին ԼՂՀ հարակից տարածքների 5+2 ձևաչափով վերադարձի պայմանով, ինչը նախկինում բազմիցս առաջարկվել էր միջնորդների կողմից։

«Մենք մանրամասն քննարկում ենք ունեցել Պուտինի հետ, և ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել։ Դուք գիտեք, որ այնտեղ փախստականների վերադարձի, ադրբեջանցի ներքին տեղահանվածների ԼՂ վերադարձ հարց է եղել։ Ես ասել եմ, որ մենք այդ հարցի հետ առարկություն չունենք ու չենք ունենա, եթե հարցն ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ»,-ասաց Փաշինյանը:

«Դրանից հետո ՌԴ նախագահն խոսակցություն է ունեցել Ալիևի հետ, որի արդյունքում պարզ է դարձել, որ Բաքուն կտրականապես չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի հայկական կողմի պահանջը, ինչպես նաև պահանջում է, որպեսզի ներքին տեղահանվածների, այդ թվում և՝ Շուշի, վերադարձի հարցը որևէ ձևով չկապվի ԼՂ կարգավիճակի ճշգրտման հետ:

Բացի այդ Բաքուն պահանջել է, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ բոլոր 7 տարածքների։ Վարչապետն ասաց, որ դա նոր դետալ էր, որի մասին նա նախկինում չի ասել։ Բացի այդ, Ադրբեջանը որոշակի պահից կտրականապես հրաժարվել է օրակարգում ընդգրկել ԼՂ կարգավիճակի հարցը։