Բավ է պառակտվել
16-03-2020 20:03

Բանկային տոկոսները պետք է սառեցվեն, որ մարդիկ երկրորդ հարվածը չստանան․ Գագիկ Ծառուկյան

 

ՀՀ  ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտ է համարում, որ բանկերը հետաձգեն մարդկանց վարկերի մարումները, քանի որ աշխատողները չեն կարողանա այս պայմաններում ապահովել վարկերի մարումները։

Ծառուկյանի մյուս հորդորը վերաբերում է մարդկանց պատասխանատվությանը՝ ախտանշաններ ունենալու դեպքում դիմել բժշկի, այլապես եթե վարակակիր լինեն և վարակեն իրենց հարազատներին, իրենք իրենց չեն կարողանա ներել։

«Այսօր ամենկարևորն այն է, որ երկու-երեք ամիս ժամկետով դադարեցվեն բանկային տոկոսները, մայր գումարները: Այսօր առևտուր չկա, իսկ մարդիկ պետք է մայր գումար, տոկոս փակեն, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի խոսքով բանկային տոկոսները պետք է սառեցվեն, որ մարդիկ երկրորդ հարվածը չստանան: «Եթե  այսօր  այդ որոշումը չկայացվի,  մեր ամբողջ տնտեսությունը կկորի, կգնա», - ասաց պատգամավորը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ բանկային գործարքները պետք է հետաձգվեն առնվազն 3 ամսով:

«Անցած անգամ հումորով ասել էի, հիմա էլ եմ հումորով ասում, որ լավ մարդկանց կորոնավիրուսը չի դիպչում»,– ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ որպես սեփականատեր որքանո՞վ է պատրաստ օգնելու պետությանը կորոնավիրուսի դեմ պայքարում, գուցե, իր ընտանիքին պատկանող հյուրանոցներից մեկը տրամադրի մարդկանց մեկուսացնելու համար, նա պատասխանեց.

«Հյուրանոցում մարդիկ են մնում: Ինչով որ պետք լինի, մենք պատրաստակամ ենք: Ամենակարևորն այսօր ժողովրդի առողջական վիճակն է, այն պետք է ապահովվի: Երկու շաբաթ առաջ ես ասեցի, որ մոտեցումներն ինձ դուր չեն գալիս, այսինքն՝ եթե մեր հայրենակիցները գալիս են Պարսկաստանից, պետք է իրենց 14 օր կարանտինի մեջ պահեին: Որոշ տհասներ սխալ մեկնաբանեցին իմ ասածը: Պետք է քայլեր ձեռնարկեին, մարդիկ պետք է գործ կատարեին: Ասողին լսող է պետք»:

 

 

Արմինե Գևորգյան