Բարոնուհի Քերոլայն Քոքսը, լորդ Ռոուեն Ուիլյամսը, լորդ Դեյվիդ Ալթոնը, Քովենթրիի եպիսկոպոսը, դոկտոր Ջոն Էյբները և բրիտանացի պատգամավոր Թիմ Լոութոնը համատեղ հայտարարություն են տարածել Արցախի շրջափակման վերաբերյալ։
«Մեծ հրատապությամբ գրում ենք միջազգային հանրության ողբալի ձախողման մասին՝ կարգավորելու շարունակվող ահաբեկչական պատերազմը, որը մղում է Ադրբեջանը՝ 21-րդ դարում սանձազերծված միջնադարյան ոճի շրջափակումով, հայ ժողովրդի դեմ Ստալինի կողմից Ադրբեջանին հանձնած պատմական հայկական հողի վրա և որը շարունակվում է 2023 թվականին»,-ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ Ադրբեջանը փակել է Հայաստանից տանող միակ միջանցքը, որը հասանելի էր հիմնական սննդամթերքի և դեղորայքի, ինչպես նաև ընտանիքներից բաժանված մարդկանց տեղափոխման համար։ Առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը լուրջ մտահոգություն է, և արդեն գրանցվել են մահեր՝ Հայաստանում կենսականորեն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու անհնարինության պատճառով։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ գոյություն ունի ցեղասպանությունը կանխատեսելու և կանխելու, զոհերին պաշտպանելու և ագրեսորին պատժելու պատասխանատվություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների դատապարտմանը, ԶԼՄ-ներն իրականում լռեցնում են Ադրբեջանի այս բռնությունը, ինչը թույլ է տալիս Ադրբեջանին անպատիժ առաջ մղել իր ցեղասպան քաղաքականությունը:
«Մենք կոչ ենք անում միջազգային առաջնորդներին շտապ միջամտել այս սարսափելի ողբերգությանը և հուսով ենք, որ խիզախ և վաստակաշատ լրագրողները լույս կսփռեն մի ժողովրդի տառապանքի վրա, որը, ցավոք, շատ լավ գիտի ցեղասպանության հանցագործությունների էությունը», - ասվում է հայտարարության մեջ: