Բավ է պառակտվել
12-10-2022 12:13

ԱՄՆ վարչակազմը քննարկել է ՌԴ կողմից միջուկային զենքի կիրառման պատասխանը. Բայդեն

ԱՄՆ վարչակազմը քննարկել է ԱՄՆ-ի պատասխան գործողությունները, եթե Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք կիրառի Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ընդգծելով, որ չի պատրաստվում խոսել դրանց մասին։

«Այս մասին քննարկումներ են եղել, բայց անպատասխանատու կլինի խոսել այն մասին, թե ինչ կարող ենք և ինչ չենք կարող անել»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, արդյո՞ք նա հրահանգել է ռազմական գերատեսչությանը նմանատիպ իրավիճակում հնարավոր գործողությունների սցենար մշակել, Բայդենը պատասխանել է, որ «Պենտագոնին խնդրել պետք չէր»։

Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զենքի կիրառման մասին

ԱՄՆ նախագահը չի կարծում, որ Վլադիմիր Պուտինը մարտավարական միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի հակամարտությունում։

«Չեմ կարծում, որ նա կգնա դրան», - ասել է Բայդենը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին։ «Սակայն կարծում եմ, որ նրա կողմից այդ մասին խոսելն անպատասխանատու է»,- ասել է նա։ Բայդենի խոսքով՝ Ուկրաինայում մարտավարական միջուկային զենքի կիրառումը կհանգեցներ «սարսափելի հետևանքների»։

Նախորդ հինգշաբթի Բայդենն ասել էր, որ աշխարհը Կուբայի հրթիռային ճգնաժամից հետո առաջին անգամ բախվում է միջուկային զենքի անմիջական սպառնալիքի հետ, պայմանով, որ իրավիճակը շարունակի զարգանալ այնպես, ինչպես այժմ է զարգանում: Բայդենը նաև պնդել է, որ «բավականին լավ է ճանաչում» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և կարծում է, որ վերջինս «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին»։

Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահը հեռուստաուղերձում ասել էր, որ Վաշինգտոնը մղում է Կիևին ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու, ընդ որում Արևմուտքը գործի է դրել «միջուկային շանտաժը»։ Ինչպես պարզաբանել է Պուտինը, խոսքը ոչ միայն Արևմուտքի կողմից խրախուսվող Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծման մասին է, որը սպառնում է միջուկային աղետով, այլև ՆԱՏՕ-ի առաջատար երկրների որոշ բարձրաստիճան ներկայացուցիչների հայտարարությունների՝ Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորության և թույլատրելիության մասին։