Բավ է պառակտվել
15-06-2021 11:29

Բայդենը Պուտինին անվանել է խելացի ու կոշտ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամլո ասուլիսում գնահատեց իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին:

«Ես հանդիպել եմ Պուտինին, նա խելացի և կոշտ է: Հավատում եմ, որ նա արժանի մրցակից է», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հունիսի 16-ին Ժնևում կայանալիք հանդիպումը համապատասխանում է պահին, դրան աջակցել են ՆԱՏՕ-ի երկրների 10-12 ղեկավարներ, ում հետ Բայդենը խոսել է գագաթնաժողովի ընթացքում:

«Ասեմ, որ ես նախագահ Պուտինին պարզ կներկայացնեմ, որ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել, եթե նա ընտրի համագործակցությունը, իսկ եթե որոշի չհամագործակցել և կվարվի ինչպես նախկինում <... >, այն ժամանակ մենք կպատասխանենք դրան: <...> Այն ոլորտներում, որտեղ մենք համաձայնություն չունենք, մենք պետք է հստակ նշենք կարմիր գծերը», - հավելել է նա՝ շեշտելով, որ ինքը հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի է ունեցել Բրյուսելում՝ դաշնակից երկրների ղեկավարների մասնակցությամբ: Գագաթնաժողովում քննարկվել է դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչև 2030 թվականը՝ Ռուսաստանը, Չինաստանը, տեխնիկական զարգացման ամրապնդումը, կլիմայի փոփոխության և կլիբերտարածությունում և տիեզերքում սպառնալիքների դեմ պայքարը:

Վերջերս NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը նշել է, որ ամերիկացի քաղաքական գործիչները զոհաբերում են երկու երկրների հարաբերություններն՝ առանց ապացույցների մեղադրելով Ռուսաստանին ընտրություններին միջամտելու, կիբերհարձակումների և այլ բաների մեջ: