Բավ է պառակտվել
04-10-2022 09:53

Բայդենը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ բողոքի ցույցերի ֆոնին

Միացյալ Նահանգներն այս շաբաթ նոր պատժամիջոցներ կսահմանեն իրանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, մասնակցում են երկրում ցուցարարների դեմ բռնություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես շարունակում եմ լրջորեն մտահոգված լինել Իրանում խաղաղ բողոքի ցույցերի ուժգնացող բռնությամբ, ներառյալ ուսանողների և կանանց դեմ, ովքեր պահանջում են հավասար իրավունքներ և հարգանք մարդկային արժանապատվության նկատմամբ»,- ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը:

«Միացյալ Նահանգները հեշտացնում է ինտերնետ հասանելիությունը իրանցիների համար, այդ թվում՝ ընդլայնելով մուտքը դեպի անվտանգ արտաքին հարթակներ և ծառայություններ: Միացյալ Նահանգները նաև պատասխանատվության են ենթարկում իրանցի պաշտոնյաներին և կազմակերպություններին, ինչպիսիք են բարքերի ոստիկանությունը, որոնք պատասխանատու են քաղաքացիական հասարակությանը ճնշելու համար բռնություն գործադրելու համար»,- ասել է նա։

«Այս շաբաթ Միացյալ Նահանգները նոր միջոցներ կձեռնարկեն նրանց դեմ, ովքեր բռնություն են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել իրանցի պաշտոնյաներին և աջակցել Իրանի ժողովրդի՝ խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին»,- հավելել է Բայդենը:

Սեպտեմբերին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Իրանի բարքերի ոստիկանության, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր ընդհանուր լիցենզիա է տրամադրել, որն ընդլայնում է Իրանին կապի ծառայություններ մատակարարելու հնարավորությունը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ դա արվել է «տեղեկատվության ազատ փոխանակմանը և Իրանի ժողովրդի տեղեկատվության հասանելիությանը աջակցելու համար»՝ բողոքի ակցիաների ֆոնին իրանական իշխանությունների կողմից ինտերնետ հասանելիության սահմանափակումների պայմաններում:

Բողոքի ցույցեր Իրանում

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի 17-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ սեպտեմբերի 16-ին բարքերի ոստիկանությունը բերման էր ենթարկել մի քուրդ աղջկա գլխաշորը ոչ ճիշտ կրելու պատճառով։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի են ենթարկել ոստիկանները:
Ցուցարարները հարձակվել են իրավապահների և Բասիջ միլիցիայի անդամների վրա, պղծել Ղուրանը, հարձակվել հիջաբով կանանց վրա, հրկիզել մզկիթներ, կառավարական շենքեր, շտապօգնության մեքենաներ և բենզալցակայաններ։