Բավ է պառակտվել
03-04-2017 15:15

ՀՀ աննախադեպ խորհրդարանական ընտրությունները. հարցեր և պատասխաններ

Կիրակի՝ ապրիլի 2-ին, Հայաստանում տեղի են ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Դրանցում մասնակցություն են ունեցել հինգ կուսակցություն և չորս կուսակցական դաշինք:
Ինչու՞ էին ընտրություններն աննախադեպ.
Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին:
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1 մլն 574 947 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 60,86%-ը:
Ի՞նչ են ասել նախընտրական մրցավազքի առաջնորդները
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը քվեարկելիս մտածել է խաղաղ երկնքի և սահմանների անխախտելիության մասին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է հանուն տրամաբանական, խելացի Հայաստանի, որում կլինի օրենքի գերակայություն: ՀՀԿ

պատգամավորների ցուցակը գլխավորող Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քվեարկել է արդար ընտրության վստահությամբ, ընդգծելով, որ ընտրողների ոչ մի ձայն չի անտեսվելու:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է, որ եթե իր դաշինքն ընտրություններին հաղթանակ չտանի, ապա խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումները չեն արվի:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը քվեարկել է հուսահատության փոսից Հայաստանը դուրս բերելու համար:

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ներկայիս խորհրդարանական ընտրությունները որոշիչ է համարում՝ նոր փուլ անցում կատարելու տեսանկյունից:
Ի՞նչ ասացին դիտորդները.
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էլվիրա Դրոբինսկին (Գերմանիա) հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցնում են առանց էական խախտումների:
ԱՊՀ-ի դիտերդական առաքելության ղեկավար, ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ և բաց:
Զավեշտալի դեպքեր ևս գրանցվեցին...
Տեխնիկական անսարքություններ են գրանցվել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի քվեարկության ժամանակ, «Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներից մեկի՝ Վարդան Օսկանյանի, ինչպես նաև ՀՀ Առաջին նախագահ, նախընտրական ընդդիմադիր «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քվեարկության ժամանակ: Անձը նույնականացնող սարքը միանգամից չի կարողացել ճանաչել նրանց մատնահետքերը:

«ArmComedy»-ի ռեզիդենտներն իսկական դիմակահանդես են սարքել: Հումորիստներից մեկը՝ Նարեկ Մակարյանը, ընտրատեղամաս էր ներկայացել հայտնի հերոս «Բեթմենի» հանդերձանքով:

Ինչպիսին է իրավիճակը խախտումների հետ կապված.
Արդեն ժամը 9:00-ին հայտնի դերասան Հայկ Մարությանը(Կարգին Հայկո), ով խորհրդարանական ընտրություններին տեղական դիտորդ է հանդիսանում, հայտարարել է Երևանի կենտրոնի ընտրատեղամասերում ընտրողների իրավունքների մի շարք խախտումների մասին: Մասնավորապես նա մատնանշել է ընտրության գաղտնիության խախտումը, որը կոպտագույն ընտրախախտում է:
Օրվա առաջին կեսին ընտրատեղամասերի ճնշող մեծամասնությունում չէին աշխատում տեսահեռարձակման սարքերը: Դիտորդներն ու ԶԼՄ-ները ահազանգում էին որոշ տեղամասերում ընդհարումների, մարդկանց կուտակումների և կաշառք բաժանելու մասին:
Transparency International ՀԿ-ի շրջանակներում գործող «Քաղաքացիական դիտորդներ» նախաձեռնությունը հայտնում է 1700-ից ավելի խախտումների մասին, որոնցից 1032-ը տեղի են ունեցել ընտրության ընթացքում:
Լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության երկու դեպք գրանցվել է մայրաքաղաքի Կոնդ թաղամասում քվեարկության ժամանակ:
Ի՞նչ գործողություններ են ձեռնարկել իրավապահ մարմինները.
ՀՀ Գլխավոր դատախազությանը կից աշխատանքային խումբը ապրիլի 2-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ 1594 հաղորդագրություն է ուսումնասիրել, որոնցից 254-ում հայտնաբերվել են իրավախախտման առերևույթ տարրեր:
Խորհրդարանական ընտրություններին ենթադրյալ խախտումների վերաբերյալ ոստիկանության « թեժ գիծ» ստացվել է 176 ահազանգ: Հիմնականում բողոքները վերաբերվում էին կրկնակի քվեարկության, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձերին, ինչպես նաև ընտրակաշառքներին:
ՀՀ Գլխավոր դատախազությունը նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկության փորձերի փաստով հարուցել է 6 քրեական գործ, իսկ մեկ քրեական գործի շրջանակներում կա ձերբակալված:
Ո՞վ անցավ խորհրդարան.
ԿԸՀ-ն ավարտել է Հանրապետության բոլոր 2009 ընտրատեղամասերի ձայների հաշվարկը, որոնց համաձայն 6-րդ գումարման ԱԺ անցնում են չորս ուժեր: Նախնական արդյունքներով իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքում է ձայների 49,12% ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32%, «Ելք» դաշինքը 7,77%, ՀՅ Դաշնակցությունը 6,57%:
Ի՞նչ կլինի հետո.
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը չի բացառել ՀՀԿ-ի և ՀՅ Դաշնակցության միջև նոր դաշինքի ձևավորումը:
Հայկական քաղաքական դաշտում ի հայտ եկավ նոր խաղացող՝ «Ելք»-ը:
Չնայած դրան, « Հայկական վերածնունդ» (3,71%), « Ազատ դեմոկրատներ» (0,94%), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (0,75%), ինչպես նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (2,07%) և «Կոնգրես-ՀԺԿ» (1,65%) կուսակցությունների և դաշինքների ներկայացուցիչները դեռևս իրենց հետագա քայլերի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: