Բավ է պառակտվել
02-07-2021 17:27

Երեք քաղաքական ուժ Հայաստանի ՍԴ-ում վիճարկում է ընտրությունների արդյունքները։ «Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր դիմումի մանրամասները

ՀՀ երեք քաղաքական ուժ արդեն դիմել է Հայաստանի Սահմանադրական դատարան՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

Ինչպես տեղեկացրել է Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Եվա Թովմասյանը, հուլիսի 2-ին արդեն գրանցվել են «Հայաստան» դաշինքի (առաջնորդ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյան), «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները: Ավելի վաղ ընտրությունների արդյունքները վիճարկելու մտադրության մասին հայտարարել էին մեկ այլ՝ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի առաջնորդները (այն գլխավորում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը):

«Հայաստան» դաշինքի դիրքորոշումը

Ուրբաթ կայացած ճեպազրույցում «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը պարզաբանումներ ներկայացրեց դաշինքի՝ ընտրությունների հարցով Սահմանադրական դատարան դիմումի վերաբերյալ:

««Հայաստան» դաշինքն այսօր դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշման անվավեր ճանաչելու պահանջով: Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և նաև առկա փաստական հանգամանքները», - ասաց նա:

Նա հայտնեց, որ դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքների հիման վրա ընդունված ԿԸՀ որոշումը, ինչպես նաև կատարել օրենքով նախատեսված երեք որոշումներից մեկը. Ընդհանուր առմամբ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և մանդատների բաշխման կարգը կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

«Մեր հիմնական ակնկալիք-պահանջն է, որ որոշումն անվավեր ճանաչվի։ Մնացյալն արդեն սրանից է բխում»,- ասաց նա։

Վարդևանյանը նշեց, որ ակնկալվում է, որ ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե քանակական խախտումների իմաստով, թե որակական իմաստով: Ըստ նրա՝ քանակական խախտումնեին են վերաբերում դաշինքի ներկայացրած տեղեկություններն ըստ ընտրատեղամասերի, անմիջապես ընտրությունների օրը ծագած խնդիրները։

«Որակականն արդեն վերաբերում է այն հարցերին, որոնք մենք ներկայացնում ենք սկսած մայիսի 10-ից»,- շեշտեց նա։ Դաշինքի ներկայացուցիչն ասաց, որ ներկայացված դիմումը բաղկացած է 12 կետից՝ խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և հիմնավորումներով:

Ներկայացվել է 109 տեղամասերի վերաբերյալ արդյունքների մեր վերլուծություն։ «Այն վերաբերում է շուրջ 88 հազար ձայնի, որից 4 հազարի մասով տեսել ենք, որ ընտրական տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ»,- ասաց նա:
Մեկ այլ կետ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին և նրա լիազորություններին։ Դաշինքի ներկայացուցիչը հայտնեց, որ հրաժարականից հետո վարչապետը, հակառակ իրավական համայնքի մեծամասնության կարծիքի՝ պահպանեց վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը և դա արվեց մեկ նպատակով՝ վարչական ռեսուրսի չարաշահման: Փաստորեն, ասաց նա, մենք ունենք առաջին անգամ դեպք, երբ արձնագարված է վարչական ռեսուրսի չարաշահումը իշխանության կողմից:
Ատելության հռետորաբանությունը

Դիմումի մյուս կետը վերաբերում է ատելության խոսքին: Վարդևանյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում ցանկացած ուժ կարող է ցուցադրել ագրեսիվ հռետորաբանություն, «բայց այն, ինչ մենք տեսնում էինք իշխանության թեկնածուի կողմից, ով զուգահեռաբար նաև վարչապետի պաշտոնակատարն էր, այդ ատելության խոսքի ծավալն անգերազանցելի էր»:
«Բոլոր այդ արտահայտությունները ՍԴ-ում քննության առարկա են դառնալու»,- վստահեցրեց նա:
Գործի առանձնահատկությունը

Վարդևանյանը հայտարարեց նաև, որ ՍԴ-ի մասին օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու: Նրա խոսքով, 2018թ․ -ին օրենքն ընդունվելուց ի վեր ընտրական վեճերով ՍԴ-ում քննություն չի եղել։

«Այս անգամ ընտրությունների վերաբերյալ սահմանադրական արդարադատության մոդելն աննախադեպ կլինի», - ասաց նա: Վարդևանյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանում կլինի հետաքրքիր հետաքննություն, իսկ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ հանդես կգա ինքը:

Փաստաբանն ասաց, որ դաշինքը ՍԴ-ին հասցեագրված իր դիմումի հետ մեկտեղ նաև ներկայացրել է գրություն-միջնորդություն ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության հարցի վերաբերյալ, քանի որ նա մասնակցել է որպես դատավարական հակառակորդ, կոնկրետ գործով հանդես գալով ընդդեմ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի:
Վարդևանյանը շեշտեց, որ Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի դիմումի գրանցման օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում (հուլիսի 2-ից):

Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման արտահերթ ընտրություններ: Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն հաղթել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը 53,91% արդյունքով: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է 21.09%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%: