Բավ է պառակտվել
13-04-2020 18:48

Եթե Արտակարգ դրություն չհայտարարվեր՝ կունենայինք 30 000 վարակված անձ միայն Երևանում ու հարյուրավոր մահեր․Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր արտակարգ դրության երկարացման հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ ՀՀ բնակչության 12 տոկոսը կամ 353 000 մարդ 60 տարեկանից բարձր են և գտնվում են կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում։ Բացի տարիքային խմբից, ռիսկային խմբում են նաև խրոնիկ տարբեր հիվանդություններ ունեցող անձինք (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ), որոնց թիվը հասնում է 300 հազարի` միայն պաշտոնապես գրանցված դեպքերով։
Նշենք, որ ներկա պահին ՀՀ առողջապահական համակարգը ունի 1700 հիվանդի հիվանդանոցային պայմաններում սպասարկելու հնարավորություն։ Ինչը ըստ Ավինյանի նշանակում է, որ ամենամեղմ հաշվարկներով կարող էին ունենալ 4500 ակտիվ վարակակիր։
Պարետը հույս հայտնեց նաև, որ մինչև ապրիլի 20-ը հնարավոր կլինի վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա։
«Հուսով ենք, որ մինչև ապրիլի 20-ը կկարողանանք վարակի տարածման ինտենսիվությունը պահպանել 1-ից ցածր ցուցանիշի վրա, և շուտով կսկսենք արձանագրել ավելի քիչ վարակման դեպքեր, քան նույն օրում բուժված դեպքերը», - ասաց Ավինյանը։
Նա ընդգծեց՝ թեև վերը նշվածը կնշանակի, որ վարակի տարածման նվազման որոշակի միտում է նկատվում, միևնույն ժամանակ, չի բացառվում, որ որոշակի անզգույշ քայլերի հետևանքով վարակի տարածումը կրկին կարող է բռնկվել։
Անդրադառնալով քաղաքացիների տեղորոշման նախագծին ասաց․որ ավտոմատացված եղանակով վերլուծվել են 315 հիվանդի կոնկտարներ։
«Դիտարկվել են նախորդող 14 օրվա տվյալները, վերհանվել է 3029 կոնտակ, որոնք չեն ներառում համաճարակաբանների կողմից իդենտիֆիկացված անձանց, այսինքն՝ սրանք լրացուցիչ կոնտակտներ են եղել։ Համակարգի միջոցով տեղորոշվել են, նրանցից բոլորի հետ կապ է հաստատվել և մի մասը ինքնամեկուսացվել է։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներն իրականացրել են 9339 զանգ, 2596 զանգի պատասխանող չի եղել», - ասաց Ավինյանը
Փոխվարչապետը նաև հայտնեց, որ եթե Հայաստանում արտակարգ դրություն չհայտարարվեր, ապա այս օրվա դրությամբ կունենայինք 30 000 վարակված անձ միայն Երևանում և արդեն իսկ հարյուրավոր մահեր։
«Այս մտահոգությամբ է, որ կառավարությունը որոշել է ևս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ժամկետը»,–ասաց Ավինյանը։
Վերջինս նաև սցենար ներկայացրեց թե մայիսին ինչ իրավիճակ կլինի կորոնավիրուսի տարածվածության տեսանկյունից:
Ըստ նրա եթե պահպանվի վարակի տարածման ոչ բարենպաստ դինամիկան, ստիպված են լինելու շարունակել թեստավորման ծավալների ընդլայնումը, բնաչության սոցիալական ինքնամեկուսացումը: Եթե հաջողվի շարունակել նվազման դինամիկան, կվերանայվեն սահմանափակումները և կթեթևացվեն դրանք: Կրկին կշարունակեն ընդլայնել թեստավորման քանակն ու բարելավել տեղորոշման գործիքները:
«Իսկ եթե վարակի տարածման դինամիկան բարենպաստ սցենարով ընթանա, կարծում եմ՝ նույնիսկ քննարկելի է սահմանափակումները հանելը առհասարակ: Կշարունակվի շփումների շրջանակի բացահայտումն ու թեստավորումը»,- ասաց Ավինյանը:

 

 

Արմինե Գևորգյան