Բավ է պառակտվել
06-06-2022 17:54

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել համապարփակ կարգավորման․ Տոյվո Կլաար

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Լրագրողի խնդրանքով Կլաարը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մայիսի 22-ի բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հայտարարությունը, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եվ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - ասել է Կլաարը։
Նշվել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Շարլ Միշելը խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
«Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։

Անցած շաբաթ Կլաարն այցելել է Երևան և հանդիպել Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Առաջիկայում նախատեսվում է նաև եվրոպացի պաշտոնյայի այցը Բաքու։

Ըստ Կլաարի՝ ընդհանուր առմամբ դրական ազդակներ են ստացվում երկու մայրաքաղաքներից։ «Ազդակնները, որ ես ստացել եմ, կայանում են նրանում, որ մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում կայացած առաջնորդների հանդիպումը որոշակի կոնկրետ արդյունքներ տվեց։ Տեղի է ունեցել սահմանային հանձնաժողովների առաջին նիստը. Այնուհետև Մոսկվայում կայացել է փոխվարչապետերի հանդիպումը՝ քննարկելու հաղորդակցության ուղիների ապաշչրջափակման հարցը, որը ղեկավարները քննարկել էին նաև Բրյուսելում։ Եվ սա մեզ ոգևորում է։ Բաքվից արձագանքն այն է, որ թե՛ բրյուսելյան հանդիպման, թե՛ դրա հետագա ընթացքի գնահատականները դրական են։ Այնպես որ, բավականին դրական միտում կա։ Եվ ես կարծում եմ, որ այն կարելի է զարգացնել»,- ասել է Կլաարը:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման շուրջ Բրյուսելի և Մոսկվայի միջև հնարավոր մրցակցության մասին կարծիքներին, ապա, ըստ Տոյվո Կլաարի, ԵՄ-ն չի հավակնում «հեղինակային իրավունքներին», և այժմ ամենակարևորը գործընթացն առաջ տանելն է։
«Եվրամիությունը հեղինակային իրավունքներին չի հավակնում։ Մենք շահագրգռված ենք առաջընթաց տեսնել և աջակցել դրան։ Կարծում եմ՝ հենց դրան կարողացավ հասնել նախագահ Միշելը [Հայաստանի և Ադրբեջանի] ղեկավարների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաև նախագահներ Մակրոնի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումների միջոցով։ Եվ սա այն է, ինչ մենք ուզում ենք անել»,- ասել է եվրոպացի դիվանագետը՝ հիշեցնելով, որ կան այլ ձևաչափեր, մասնավորապես՝ եռակողմ հանդիպումներ Մոսկվայում՝ երկրների ղեկավարների մակարդակով։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Մոսկվայում կայացած աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը։ «Հիանալի է, շատ լավ, եթե դա մեզ տանի ճիշտ ուղղությամբ: Ի վերջո, Եվրամիության միակ հետաքրքրությունն է աջակցել գործընթացին և օգնել հասնել տևական համապարփակ կարգավորման»,- ասել է Կլաարը: