Բավ է պառակտվել
21-10-2022 19:41

Հայաստանի անվտանգությունը = Իրանի անվտանգությանը. Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի հյուպատոսություն (լուսանկար)

Սյունիքի մարզի Կապան քաղաքում ուրբաթ օրը բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Արարողությանը ներկա էին Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումը արտացոլում է այն կարևորությունը, որ իրանական կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի և Հայաստանի հազարամյա հարաբերություններին»,- ասաց Աբդոլլահիանը։ Նա նշեց Իրանի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը։

Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: «Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,- ընդգծել է նա։

Նախարարը նշեց, որ Սյունիքի մարզը հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը: «Մենք առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումները, ուղևորափոխադրումներն այս ուղով ավելի զարգանան»,-ասաց նա։

ՀՀ նախարար Միրզոյանն իր հերթին ասաց, որ գլխավոր հյուպատոսության ստեղծումն ու արդյունավետ աշխատանքը կբարձրացնի երկու երկրների միջև հատուկ հարաբերությունների մակարդակը, ինչը կխթանի երկկողմ համագործակցությունը և հայ-իրանական կապերի զարգացումը։

«Վստահ եմ, որ հետայսու ևս կներդրվեն անհրաժեշտ ջանքեր՝ ապագա փոխշահավետ համագործակցությունն ավելի խորացնելու և ամրապնդելու համար»,- ասաց նա՝ վերահաստատելով Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու պաշտոնական Երևանի մտադրությունը։