Բավ է պառակտվել
24-12-2020 20:30

«ՀՀ անվտանգությանն ամեն վայրկյան սպառնում է կործանում»․ Իշխան Սաղաթելյան

ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը և ցույցին մասնակցող քաղաքացիները փորձել են շրջափակել կառավարության շենքը, սակայն չեն կարողացել: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ եթե վարչապետը հրաժարական չտա, ապա երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, և երկրին սպասում է հումանիտար աղետ: «Սա չարիքի կառավարություն է: Պետականությունը կործանման եզրին է, մեր պայքարը հնի ու նորի պայքար չէ և ոչ էլ ընդդիմություն-իշխանություն»,- հայտարարել է Սաղաթելյանը:
ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, որ ՀՀ անվտանգությանն ամեն վայրկյան սպառնում է կործանում, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար այսօր Հայաստանը դարձել է վտանգավոր վայր:
«Եթե հիմա 100 հազար մարդ այստեղ լիներ, հարցը վերջացած կլիներ, Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Հասկանում են, որ երկիրը կործանվում է, բայց տանը նստած են: Մեր ժողովուրդն էլ է մեղք, դեպրեսիայի մեջ է՝ 2.5 տարի առաջ ոտքի բարձրացավ՝ մտածելով, որ լավ կյանք է ունենալու, հիմա ամաչում էլ է արդեն դուրս գալ», - ասաց Մանուկյանը: Նա նաև նկատեց, որ ժողովուրդն այդ վիճակից դուրս կգա: «Եթե գործը շուտ վերջացնեինք, Սյունիքը պահպանած կլինեինք: Կուշացնենք՝ էլի բան կկորցնենք: Հայաստանի «սողացող» օկուպացիա է գնում», - ընդգծեց Մանուկյանը:
Իսկ ՀՀ ոստիկանությունը կառավարության շենքի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկել մոտ 70 քաղաքացիների,այդ թվում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդուն ՝ Իգոր Խաչատուրովին: Խաչատուրովի հետ ոստիկանները բերման են ենթարկել նաև Զինավոր Մեղրյանին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի լեգենդար մասնակից Շահեն Մեղրյանի որդուն։

Արմինե Գևորգյան