Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրադարձություների հետ կապված ասաց, որ երբ ընդդիմադիրները սրում են իրենց հռետորաբանությունը՝ իշխանությունները իրավական գործընթացներ են սկսում»:
«Պաշտոնյաների բարձր մակարդակով տարածվում են նախաքննական գաղտնիքի փաստաթղթեր, որոշում են՝ մեղավոր է, թե՞ անմեղ է այդ անձը ու դատավճիռ են իրականացնում սոցցանցերում։ Այո, բոլոր նրանք, ովքեր հանցագործություններ են կատարել պետության նկատմամբ, պիտի պատասխանատվություն կրեն: Բայց այն, ինչ կատարվում է այսօր, մենք տեսնում ենք, որ լինում է քաղաքական նպատակահարմարության ներքո»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Անի Սամսոնյանն ասաց. «Եթե իշխանությունները պնդում են, որ այսօր այն եղանակներն ու մեթոդները, որն օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ են, նշանակում է նախկինների ոստիկանությունը՝ Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Իրականում մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում…Դուք կադրերը տեսե՞լ եք, թե ինչպես էին քարշ տալիս կին քաղաքական գործիչներին, պատգամավորներին»:
Ի տարբերություն Անի Սամսոնյանի Իմ քայլի պատգամավոր Արփի Դավոյանը իշխանության հետ կապված նման անընդունելի է համարում նման քննադատությունները։
«Մեր գործողություններով երբեք որևէ սահման չենք անցել, որևէ քաղաքական հետապնդում չի եղել և չի կարող լինել։ Նման հայտարարությունները հնչում են նրանցից, ում դա ձեռնտու է», - ասաց Դավոյանը։
Դավոյանը ի դեպ օրինաչափ որակեց ոստիկանների գործողությունները՝ նշելով, որ կին պատգամավորների և, առհասարակ, որևէ պատգամավորի նկատմամբ բռնություն չի կիրառվել:
«Որևէ բռնություն չեն կիրառել։ Տեղի է ունեցել հավաք, որն արտակարգ դրության ժամանակ իրավաչափ չէ։ Ես անչափ անհանգստացած եմ, որ մի տասը օր հետո մենք ունենալու ենք վարակվածների մեծ թվով աճ, որի պատաճառը դառնալու է երեկվա ամբողջ գործողությունը, ու հետո մեր ընդդիմադիր գործընկերը նորից մեղադրելու են առողջապահության նախարարությանը», - հավելեց նա։
Արմինե Գևորգյան