Բավ է պառակտվել
08-01-2019 16:14

Նախկին հայ պատգամավորները մի քանի ԶԼՄ են ձեռք բերել և մեդիահոլդինգ ստեղծել

Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ նախկին պատգամավորներ դարձել են մի քանի ԶԼՄ-ի՝ հեռուստաալիքի, ռադիո և էլեկտրոնային լրատվական միջոցների սեփականատեր։

Նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են “Քառյակ մեդիա” ընկերությունը, որը ձեռք է բերել “Թերթ Էյ Էմ” ՍՊԸ-ն, “Արմնյուզ” ՓԲԸ-ն, “Ռադիո 107 ՖՄ” ՍՊԸ-ն, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար “Թերթ.am”, “Արմնյուզ”, “Լավ Ռադիո” ապրանքանիշերի ներքո:

Քառյակի տարածած հայտարարության մեջ ասվել է, որ “ամիսներ առաջ նրանք որոշեցին հրաժարվել մաս կազմել այն պարզունակ շոուին, որը թաքնված էր “քաղաքական գործընթացներ” կոչվող քողի տակ”։

“Մենք անհանգստացած էինք երկրի ապագայով երեկ, անհանգստացած ենք այսօր, բայց նաև մեծ հույս ունենք մեր բաժին մասնակցությունն ունենալ ավելի հուսալի և ավելի կանխատեսելի վաղվա կերտման հարցում: Դժվարին ու անորոշություններով լի այս փուլում, երբ նժարին մի ողջ ժողովրդի ճակատագիր է, մենք չենք կարող անմասն մնալ, քանի որ լուռ հետևողի կամ չարախինդի դերը մերը չէ: Մենք տեսնում ենք հնարավոր վտանգներն ու պատրաստ ենք ամեն ինչ անել` հանուն իրական Նոր Հայաստանի և Հայրենիքը տեսանելի մարտահրավերներից հետ պահելու ուղիներ ենք առաջարկելու”,- ասվել է հայտարարության մեջ։

Նշվել է նաև, որ “Քառյակ մեդիա” ընկերությունը հիմնադրելու որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ԶԼՄ-ների դերը հասարակական-քաղաքական կյանքում և հասարակական օրակարգի ձևավորման գործում, ինչպես նաև մեդիան համարելով հասարակական կյանքի անքակտելի մաս։

Հայտարարությունում նշվել է նաև, որ “Թերթ Էյ Էմ” ՍՊԸ-ն, “Արմնյուզ” ՓԲԸ-ն, “Ռադիո 107 ՖՄ” ՍՊԸ-ն հանդես են գալու “Թերթ.am” բրենդի ներքո, իսկ ընկերությունների միասնական գործադիր ղեկավարումը վստահվել է Արամ Անտինյանին: