Բավ է պառակտվել
27-09-2019 15:18

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է 86 տարեկան հասակում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին պետության նախկին ղեկավար Ժակ Շիրակի մահվան կապացությամբ, հայտնել է կառավարության մամլո ծառայությունը։

Հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է սեպտեմբերի 26-ին 86 տարեկան հասակում։

“Մեծ տխրությամբ և ցավով տեղեկացա Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան մասին: Ֆրանսիան կորցրեց մեծ պետական այրի: Ողջ կյանքը նվիրելով Ֆրանսիային և մարմնավորելով նաև Ֆրանսիայի մեծությունը՝ նա է՛լ ավելի բարձրացրեց Ֆրանսիայի հեղինակությունը միջազգային հանրության առջև, զուգակցելով հայրենիքին իր անմնացորդ ծառայությունը այլ ժողովուրդների իրավունքների ու ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քայլերով”,- նշվել է ուղերձում։
Վարչապետը նշել է, որ հայ ժողովուրդը չի մոռանա նախագահ Շիրակի անկեղծ բարեկամությունը, նրա վճռական ներդրումը Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչելու հարցում և նրա միջնորդական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում:
“Հայ ժողովուրդը երախտապարտ է Շիրակին նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ գործադրած ջանքերի, այդ թվում՝ Հայաստանի պատմական մայրաքաղաք Անիի մշակութային կոթողների նկատմամբ նրա անձնական ուշադրության համար”,- ասվել է Թաշինյանի ցավակցական հեռագրում։
Վարչապետի խոսքով, նախագահ Շիրակը հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր։
“Մենք մեծ ջերմությամբ ենք հիշում նրա պետական այցը Հայաստան, իր մասնակցությամբ Երևանում Ֆրանսիայի հրապարակի բացումը, ինչպես նաև Ֆրանսիայում Հայաստանի տարվա աննախադեպ անցկացումը”,- նշվել է հեռագրում։
Փաշինյանն իր խորին ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, ֆրանսիական պետությանը և Շիրակի ընտանիքի անդամներին ու ընկերներին։
“Հայ ժողովուրդը հավասարապես սգում է ականավոր պետական գործչի ու մեծ անհատի մահը”,- ահվելել է նա։
Նախագահ Սարգսյան․ Շիրակը մեզ համար հայրենասիրության և անկոտրում ոգու օրինակ էր
Ժակ Շիրակի կյանքից հեռանալու կապակցությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։
“Մեծ ցավով և տխրությամբ տեղեկացա Ձեր ընտանիքի կորստի՝ Ժակ Շիրակի մահվան մասին։ Լինելով կարկառուն քաղաքական գործիչ և անհատականություն՝ Ժակ Շիրակն իր գործունեությամբ հայրենասիրության, նվիրվածության, անկոտրում ոգու, համառության ու մեծագույն պատասխանատվության օրինակ էր։ Նրա մահը մեծ կորուստ է Ֆրանսիայի համար, որին նա նվիրել էր իր կյանքը”,- ասվել է նախագահի ուղերձում։

Սարգսյանը նշել է, որ Ժակ Շիրակի՝ որպես հայ ժողովրդի ու Հայաստանի սրտացավ բարեկամի անունը և գործերը “մշտապես կմնան մեր հիշողության մեջ և սրտերում”։

“Ձեր այս խորը վշտի պահին հիշեք, որ դուք մենակ չեք, և ընդունեք իմ անկեղծ ցավակցությունը Ձեր ընտանիքին”,- ասվել է ուղերձում։