Բավ է պառակտվել
01-07-2021 22:22

«Հայաստան» դաշինքը մտադիր է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։
«Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե և անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։ Մեր պայքարը շարունակվելու է։ Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում»,- ասվում է դաշինքի ֆեյսբքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի ութերորդ գումարման արտահերթ ընտրություններ: Ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն հաղթել է վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը 53,91% արդյունքով: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հավաքել է 21.09%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%:

«Զարթոնք» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքները պահանջել են անվավեր ճանաչել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Սակայն ԿԸՀ-ն մերժել է նրանց պահանջը, միաժամանակ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը նշել է, որ քաղաքական ուժերը որպես հիմնավորում ներկայացրել են նախընտրական շրջանում և ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումներ:

«Հայաստան» դաշինքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղ գտած բազմաթիվ խախտումներ է ներկայացրել ԿԸՀ, ինչպես նաև նշել, որ դաշինքը պատրաստվում է հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել Սահմանադրական դատարան (ըստ օրենքի՝ արդյունքների ամփոփումից հետո 5 օրվա ընթացքում)։