Բավ է պառակտվել
15-11-2021 09:28

Իշխանությունները հանցավոր համաձայնության պայմաններում թաքուն իրականացնում են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատում․ «Հայաստան» դաշինք

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կիրակի հանդես է եկել հայտարարությամբ երկրի Սյունիքի մարզում զարգացումների առնչությամբ։

Ներկայացնում ենք ամբողջական տեքստը․

«Մենք ուշադրությամբ ու անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի հարավ-արևելյան սահմաններից ստացվող տեղեկություններին, որոնք հակասական են ու խիստ մտահոգիչ: Տեղեկություններ կան, որ թշնամին որոշակի առաջխաղացում է ունեցել հարավ-արևելյան սահմանի ուղղությամբ, եղել է փոխհրաձգություն: Հստակ չէ ՊՆ-ի հաղորդագրությունը, թե իրականում ինչ պատկեր ունենք այդ հատվածում:
ՀՀ ապիկար իշխանությունների կցկտուր և ոչ օպերատիվ արձագանքը միջադեպերի վերաբերյալ ստիպում է ՀՀ քաղաքացիներին օգտվել թշնամու տեղեկատվական աղբյուրներից: Ըստ այդմ՝ պահանջում ենք, որպեսզի համապատասխան պետական մարմիններն ամբողջական ու օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրեն և պատասխանեն մի շարք հարցերի:
Մասնավորապես, անդրադառնան այն հարցին, թե ինչպիսի՞ն է օպերատիվ իրավիճակը նշյալ հատվածում: Նաև պատասխանեն, թե ինչպե՞ս եղավ, որ թշնամին Սյունիքի մարզի Ճակատեն համայնքի հատվածում անարգել հենակետ տեղադրեց ու հիմա իրականացնում է ինժեներական աշխատանքներ: Կա՞ արդյոք գործողությունների ծրագիր, որպեսզի այդ հատվածում ևս չհայտնվեն ադրբեջանական մաքսային անցակետեր և մեր մի քանի համայնքներ փաստացի չհայտնվեն շրջափակման մեջ՝ կտրվելով ռազմավարական նշանակության ճանապարհից:
«Խաղաղության դարաշրջանի» մասին խոսող, իսկ փաստացի ՀՀ ինքնիշխանությանը սպառնացողն ինչո՞ւ բացատրություններ չի տալիս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սպասում է, որպեսզի մեզ համար անցանկալի գործընթացներ տեղի ունենան, փաստի առաջ կանգնենք ու դրանից հետո միայն հանդես գա հերթական դեմագոգիկ բացատրությա՞մբ:
Ադրբեջանցիների վարքագիծը ցույց է տալիս, որ ապօրինաբար ու փաստացի տեղի է ունենում սահմանազատում՝ հայ ժողովրդից թաքուն, հակառակ ՀՀ պետական շահերին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործության կամ հանցավոր համաձայնության պայմաններում»: