Բավ է պառակտվել
18-06-2021 12:21

Պոտենցիալ ընտրողների թվով Քոչարյանի դաշինքը մեծացրել է խզումը Փաշինյանի կուսակցության հետ. Gallup-ի նոր ընտրական հարցումը

Հունիսի 20–ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պոտենցիալ ընտրողների թվով «Հայաստան» դաշինքը, որը գլխավորում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջ է անցել վարչապետի պաշտոնակատարի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այդ մասին են վկայում Հայաստանի բոլոր մարզերում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք ներկայացրել է «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը:

Այսպես, «Ո՞ր քաղաքական ուժի օգտին ենք պատրաստվում քվեարկել» հարցին հարցվածների 28,7%–ը նշել է «Հայաստան» դաշինքը, 25,2%–ը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 10,8%–ը` «Պատիվ ունեմ» դաշինքը, 5,4%–ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 5,2%–ը` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։

«GALLUP International Association»-ի կողմից հունիսի 11-ին հրապարակված հարցման համաձայն, պոտենցիալ ընտրողների 24.1% -ը նշել էր, որ կքվեարկի «Հայաստան» դաշինքի օգտին, իսկ 23.8% -ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին:

Նշվում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մեծ աջակցություն ունի գյուղական համայնքներում (32.9%) և փոքր աջակցություն Երեւանում (16.4%): «Հայաստան» դաշինքի մոտ հակառակ պատկերն է բարձր աջակցություն Երևանում (35,2%) և ցածր՝ (18,2%):

«Հարցվածների 51,1%–ը հայտարարել է, որ միանշանակ կմասնակցի ընտրություններին, 11,4%–ը նշել է, որ ամենայն հավանականությամբ կմասնակցի, 13,8%–ը` ավելի շուտ չի մասնակցի, իսկ 22,9%–ը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Դժվարացել է պատասխանել հարցվածների ընդամենը 0,7%–ը», – ասել է Նավասարդյանը։

Նա նշել է, որ միանշանակ ընտրություններին մասնակցող քաղաքացիների տոկոսը նվազել է` նախորդ հարցումների համեմատ։ Նրա կարծիքով, այդ նվազումը կապված է թեժ և լարված մրցակցային պայքարի, որոշակի բառամթերքի և իրադարձությունների հետ։

Հարցումն անցկացվել է հունիսի 14-ից 16-ը հեռախոսի միջոցով, որին մասնակցել է 1105 մարդ:

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին: ԿԸՀ-ն գրանցել է 4 կուսակցությունների դաշինքի և 22 կուսակցության ընտրական ցուցակները, սակայն «Հայ արծիվներ» կուսակցությունը հայտարարել է ընտրական մրցավազքին մասնակցելուց հրաժարվելու մասին: