Բավ է պառակտվել
02-03-2023 20:45

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների համակարգված քաղաքականության մաս է. Փաշինյան

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումների լայնածավալ և համակարգված քաղաքականության մի մասը։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարծում ենք, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելը կարող է չափազանց կարևոր լինել միջազգային հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվության համար», - ասել է նա։

Հիշեցնելով, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Ադրբեջանի, պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժն ապահովելու համար, Հայաստանի վարչապետը կոչ է արել միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը։

Նա նաև նշել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը ջանք չի խնայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը հասնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար։

«Ցավոք, ադրբեջանական կողմը բանակցություններին բարեխղճորեն ներգրավվելու փոխարեն շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, սպառնում է Հայաստանի ժողովրդավարությանը` խաթարելով մեր կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը»,- ասել է նա։

Վարչապետը կարևորել է նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և համամարդկային արժեքների պահպանման Գերմանիայի հստակ դիրքորոշումը, որը, նրա խոսքով, կաջակցի Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերին: