Բավ է պառակտվել
09-01-2023 12:21

Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղ գործընթացին. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնի գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը խոչընդոտում է խաղաղության գործընթացին և խաթարում է միջազգային վստահությունը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգները շարունակում են «մտահոգված մնալ Լաչինի միջանցքի հասանելիության խաթարման և ստեղծված իրավիճակի հումանիտար հետևանքների առնչությամբ»։
«Մենք կոչ ենք անում լիարժեք վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով։ Բոլոր հարցերում առաջընթացի միակ ճանապարհը բանակցություններն են»,- ասվում է հայտարարությունում։
Արցախի և Լաչինի միջանցքի շրջափակման 29-րդ օր
Ադրբեջանի հերթական սադրանքի արդյունքում դեկտեմբերի 12-ի առավոտից Արցախի Հանրապետությունը գտնվում է շրջափակման մեջ, խախտվել են երկրի 120.000 բնակչության, այդ թվում՝ 30.000 երեխայի իրավունքները։

Ադրբեջանական կողմը, իբր «էկոլոգիական նկատառումներով», շարունակում է ամբողջությամբ փակ պահել Ստեփանակերտ-Գորիս միջպետական ​​մայրուղին, որը Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն է։ Արդյունքում 1100 մարդ, այդ թվում՝ 270 երեխա, չեն կարողանում տուն վերադառնալ։

Դեկտեմբերի 13-16-ը Ադրբեջանը դադարեցրել էր գազի մատակարարումն Արցախ։ Ներկայումս հանրապետությունն ապրում է ռեսուրսների, սննդի, դեղորայքի և այլ կենսական նշանակության ապրանքների խնայողության ռեժիմով։