Բավ է պառակտվել
22-02-2021 13:13

Երկրորդ ռուսական ռազմաբազան տեղակայելու անհրաժեշտություն չկա․ Վաղարշակ Հարությունյան

Հայաստանը հետաքրքված է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ընդլայնելու և զարգացնելու հարցում։ Այս մասին Ռիա–Նովստիին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի զարգացման ու ընդլայնման հարցը միշտ եղել է օրակարգային, և հայկական կողմը միշտ այդ հարցով հետաքրքրված է եղել այն պարզ պատճառով, որ բազան Հայաստանի և Ռուսաստանի Միացյալ զորքերի (ուժերի) խմբավորումների մաս է կազմում և դրա կարողությունների ընդլայնումն ինքնաբերաբար ենթադրում է համատեղ խմբի ներուժի կառուցում, որը կգործի Կովկասի տարածաշրջանում՝ կոլեկտիվ անվտանգության երկկողմ հիմքով։»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ «իհարկե Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողությունները և ճիշտ քայլեր է կատարել բազայի ամրապնդման և վերազինման ուղղությամբ»: « Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը կկրի երկարաժամկետ բնույթ»,- ասել է Հարությունյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը ասել է նաև,որ երկրում երկրորդ ռուսական ռազմաբազան տեղակայելու անհրաժեշտություն չի տեսնում:
«Ինչ վերաբերում է հանրապետության տարածքում Ռուսաստանի զինված ուժերի լրացուցիչ ռազմական կազմի տեղակայմանը, կարծում եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չկա, և, այո, մեր պետությունների միջև այս պահին գոյություն ունեցող նորմատիվ իրավական դաշտը որոշում է կարգավիճակը և կարգավորում միայն մեկ ռուսական բազայի գործունեությունը», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում, 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն, տեղակայվել էէ ռուսական ռազմաբազա: 2010 թ.-ին փաստաթղթում կատարվել են փոփոխություններ, համաձայն որի՝ բազայի գտնվելու սկզբնական ժամկետը 25 տարուց ավելացվեց 49 տարի ՝ մինչև 2044 թվականը: