Բավ է պառակտվել
17-02-2023 13:10

Բորելը հիշեցրել է ԵՄ-ի՝ Լաչինի միջանցքով երթևեկության ազատությունն ապահովելու Ադրբեջանին ուղղված կոչը

Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով երթևեկության ազատությունը և ընդգծել Ռուսաստանի պատասխանատվությունն այս հարցում։

«2022 թվականի դեկտեմբերի սկզբից ԵՄ-ն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի երկայնքով և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին և դրանց մարդասիրական ազդեցությանը։ ԵՄ-ն նախկինի պես լրջորեն անհանգստացած է ազատ տեղաշարժի և կենսական նշանակության ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումներով, որոնք լուրջ խնդիրներ են առաջացնում տեղի բնակչության համար,- ասված է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Եվրախորհրդարանի պատգամավորի հարցին տրված ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի գրավոր պատասխանում։

Պատասխանում նշվում է, որ Բորելը, Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, սերտ կապի մեջ է երկու կողմերի հետ։

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել իր իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել միջանցքով երթևեկության ազատությունն ու անվտանգությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իր պարտավորությունների: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նաև ընդգծել է Ռուսաստանի պատասխանատվությունն այս հարցում, որի խաղաղապահ ուժերի հսկողության տակ է Լաչինի միջանցքը՝ համաձայն նույն եռակողմ հայտարարության»,- ասված է տեքստում։

Նշվում է նաև, որ հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքները վերացնելու համար 2022 թվականին ԵՄ-ն 3,6 մլն եվրո հատկացրել է ԿԽՄԿ-ին՝ միակ միջազգային մարդասիրական կազմակերպությանը, որը կարող է գործել Լաչինի միջանցքի երկայնքով գտնվող վայրերում։