Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր հակամարտության վտանգ կա, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ։
«Ադրբեջանը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ռմբակոծել և գրավել է Հայաստանի տարածքի մի մասը։ Այն, ինչ կատարվում է, չափազանց ցավալի է, զոհվել է մոտ 300 զինծառայող, որից 207-ը հայ է։ Որոշ շրջաններ (Հայաստանի) օկուպացված են, ինչը բացարձակապես անընդունելի է և անհարգալից վերաբերմունք է միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ»,- ասել է նա, հաղորդում է Հայաստանի հանրային ռադիոն։ Բորելը հավելել է, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն այնտեղից։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն արել է հնարավոր ամեն ինչ՝ կողմերին երկխոսության կոչ անելու, հրադադար հաստատելու համար։
«Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին», - ասել է Բորելը` խնդրելով Թուրքիային օգտագործել այդ ազդեցությունը երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու համար:
Բորելը նշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման կարևորությունը, ինչը, նրա կարծիքով, կօգնի նաև նվազեցնել լարվածությունը։
Նա ցանկություն է հայտնել խաղաղության հասնել կովկասյան և մի շարք շատ այլ տարածաշրջաններում, որտեղ նման անհրաժեշտություն կա՝ նշելով, որ դրա համար գոյություն միայն քաղաքական գործիքներ։
Միաժամանակ Բորելը պաշտպանել է Ադրբեջանի հետ ԵՄ-ի էներգետիկ համաձայնագիրը՝ ասելով, որ այն «չի գործում ի վնաս մարդու իրավունքների կամ այլ ժողովրդավարական խնդիրների, որոնք ծագել են երկրում»։