ԱԺ-ը փետրվարի 6-ին 88 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծ։ Դրան հաջորդեց նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրամանագրի ստորագրումը, որով պարզ դարձավ, որ ապրիլի 5-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։
Իրավաբան Կարապետ Բադալյանը կարծում է, որ իշխանությունն այսպիսով գնում է մեծագույն ռիսկային քայլի, որը, սակայն, կարեւոր է ժողովրդավարության կայացման համար։ «Իշխող քաղաքական ուժը կարող էր ԱԺ-ով այդ որոշումն ընդունել եւ ավարտել։ Դա բոլորն են ընդունում եւ բոլորն էլ գիտեն, որ այդ իրավունքը Սահմանադրությունը տալիս է, բայց դա մեծ գայթակղություն է իշխանությունը իրացնելու եւ իրենք էդ գայթակղությանը չտրվեցին եւ ընտրեցին շատ ավելի ռիսկային, բայց շատ ավելի ժողովրդավարական ընթացքը»։
Փաստաբան Տիգրան Սարգսյանն ասում է, որ ինքը կգերադասեր, որ հանրաքվեն ներառեր Սահմանադրական փոփոխությունների առավել ընդգրկուն փաթեթ, քանի որ, նրա ձեւակերպմամբ, 2015-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ ստեղծվեց արհեստական փաստաթուղթ։ Փաստաբանի գնահատմամբ, գործող իշխանությունների կողմից ընտրված տարբերակով փոփոխությունների գնալը նույնպես տարբերակ է, բայց հարց է մնում.«Միայն այս կազմի փոփոխությունը արդյո՞ք կբերի այդ ինստիտուտի արդյունավետ գործունեության։
Ինչ վերաբերում է միայն մեկ հարցի համար հանրաքվե անցկացնելուն, փաստաբան Տիգրան Սարգսյանը կարծում է, որ լավ մշակույթ է ձեւավորվում։
«Մինչեւ հեղափոխությունը իշխանությունը երբեք իր հույսը ժողովրդի վրա չի դրել։ Իր խնդիրները լուծել է քրեաօլիգարխիկ համակարգի միջոցով։ Սա լավ մշակույթ է, որ երկրի ղեկավարն ամեն ինչում իր հենարանը տեսնում է երկրի ժողովրդին։ Նախկինում, երբ քննադատություն էր իշխանությունների հասցեին ուղղվում, իշխանություններն այդ քննադատություններին չէին պատասխանում, արհամարհում էին։ Այսօրվա մեր իշխանությունն ամեն մի քննադատության հետ կապված փորձում է արդարանալ։ Սա նշանակում է, որ իրենք ժողովրդից կախված են եւ սա հաճելի է եւ նաեւ ժողովրդավարության համար շատ կարեւոր նշանակություն ունի»։
Իսկ քաղաքական դաշտում դասավորումներ են տեղի ունենում։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Իսկ «Ոչ» –ի շտաբ դեռ չի ձևավորվել ու պարզ չի թե ով կղեկավարի։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հայտարարեց,որ «ՈՉ»–ի շտաբ չեն ձևավորելու։
««Ոչ»-ի որևէ ճակատ ձևավորելը նշանակում է իշխանությանը շանս տալ շարունակել գեներացնել ատելություն, վերջում էլ մեկի ներվերը չի հերիքի մեկի գլխին քարով կտա, կամ իրեն հայհոյողին կխբի և կունենանք արյունահեղություն, ինչին ԼՀԿ-ն միշտ է դեմ: Հետևաբար մենք որևէ ճամբարում մեզ չենք տեսնում: Մեր գործիքակազմը օգտագործել ենք և պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե լինեն համապատասխան թվով ստորագրություններ»:
«Բարգավաճ Հայաստան»-ը դեռ չի կողմնորոշվել՝ «այ՞ո»-ի, թե՞ «ոչ»-ի ճամբարում է լինելու։
«Ամեն ինչ պարզ կլինի քաղխորհրդի նիստից հետո։ Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք», - ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Արդյո՞ք այս ամենին մասնակից կլինեն արտախորհրդարանական ուժերը դեռ պարզ չէ։ Սակայն երբ հայտնի դարձավ, որ պետք է տեղի ունենա հանրաքվե՝ ՀՀԿ –ական Էդուարդ Շարմազանովը շտապեց հայտարարել ՝ Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
«Փաշինյանի ռեժիմը ԱԺ-ում դակեց հակասահմանադրական նախագիծ, որի համաձայն հանրաքվեին կողմ քվեարկելու դեպքում դադարեցվում են ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները։ Հարկ եմ համարում հիշեցնել,որ Փաշինյանի այս հակասահմանադրական նախաձեռնությանն կնշանակի այո ասելը, հետևյալ կետերին։
Ըստ Շարմազանովի այո ասելով կողմ ենք լինում տրանսգենդերության քարոզին, ազգային "կաղապարներից" հրաժարմանը, ասֆալտին փռելու քաղաքականությանը, սևերի և սպիտակների բաժանմանը, արցախյան հարցում հայեցակարգի և իզմերի բացակայությանը,քաղաքական ձերբակալություններին,ներդրումների բացակայությանը, և վերջապես,այո ասել բռնապետությանը։
Այսպիսով ըստ ընթացակարգի 7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն։ Կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։
Արմինե Գևորգյան