Բավ է պառակտվել
12-09-2022 20:56

Բրյուսելը կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խաթարել կարգավորման գործընթացը

Բրյուսելն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին՝ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, պատասխանելով «Լուրերի» հարցին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախում շփման գծի երկայնքով լարվածության աճի և Ադրբեջանի կողմից իրավիճակի ապակայունացման հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

«Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը և խաթարել կարգավորման ընթացիկ գործընթացը, որին Եվրամիությունը վճռականորեն աջակցում է և մնում է հանձնառու»,- ասել է Պետեր Ստանոն:

Շուրջ 10 օր անընդմեջ ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից սահմանին իրենց դիրքերը գնդակոծելու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս լուրերը՝ դրանք որակելով որպես ապատեղեկատվություն։

Միաժամանակ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը շուրջ 30 րոպե կրակել է տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերից։ Արդյունքում Կարմիր շուկա համայնքում երկու տուն է վնասվել, Թաղավարդ համայնքում՝ մեկ տուն, իսկ հարևանությամբ տեղակայված տան բակում հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։