Բավ է պառակտվել
30-05-2021 09:48

«365 օր. ապագան սկսվում է հիմա». Քոչարյանի դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը, որում ընդգրկված են ՀՅԴ «Դաշնակցություն» -ն ու «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, ներկայացրեց իր նախընտրական ծրագիրը, որն անվանել է «365 օր. ապագան սկսվում է հիմա»։

Ներկայացնում ենք ծրագրի հիմնական դրույթները, որոնցից առաջին երեքը ներկայացրեց Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

1. Պետության ներսում պետք է գերիշխի արդարությունը:

2. Պետք է բացառել անպատժելիությունը, ընտրովի արդարադատությունը և պոպուլիզմը:

3. Հասարակության զարգացման հաջողության հիմնական գրավականը պետք է լինի ավանդական և ժամանակակից մոտեցումների և արժեքների օպտիմալ համադրումը:

Դաշինքը ներկայացրեց կրթության, մշակույթի, առողջապահության և տնտեսության ոլորտներում զարգացման իր տեսլականը: Ծրագրում ներառված են այս ոլորտների բարեփոխումների առաջարկներ: Մասնավորապես, առաջարկվում է երեխաներին հնարավորություն տալ որակյալ կրթություն ստանալու իրենց ծննդավայրում և բնակության վայրում, հատուկ ուշադրություն դարձնել ուսուցիչներին, նրանց կյանքի որակին և սոցիալական ապահովությանը, ավելացնել ծախսերը կրթության և գիտության ոլորտում, ստեղծել հիմնադրամ ամբողջ աշխարհից լավագույն մանկավարժներին ներգրավելու համար: Ընդգծվել է երրորդ արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական աջակցության և կենսաթոշակների բարձրացման անհրաժեշտությունը, բոլորին լիարժեք բուժում ստանալու հնարավորության ապահովումը, բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի ստեղծումը, ներդրումները ենթակառուցվածքներում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը կարևորեց մարզերի համաչափ զարգացումը, տրանսպորտային ենթակառուցվածքները, պետական ​​աջակցությունը զբոսաշրջության ոլորտին և փոքր ավիացիայի զարգացումը: Նա նշեց, որ նախատեսվում է վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, որն ավելի վաղ կրճատվել էր օպտիմալացման արդյունքում, ինչպես նաև տեղեկացրեց գյուղատնտեսության աջակցությանն ուղղված նախատեսվող ծրագրերի մասին:

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անվտանգության ու արտաքին հարաբերությունների ոլորտներում ստեղծված իրավիճակն որակեց «լիակատար ձախողում»:

«Առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել Զինված ուժերի մարտունակությունը: Դա արվում է ոչ թե պատերազմի, այլ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար: Բանակը պետք է լինի ժամանակակից, պրոֆեսիոնալ, պետք է իրականացվեն իրական բարեփոխումներ: Ազգային անվտանգություն ծառայությունը պետք է զբաղվի երկրի անվտանգության հարցերով, այլ ոչ թե սատանա փնտրի, «ստուգի կտրոնները կամ հետապնդի ընդդիմությանն», - ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է վերադառնան իրենց անմիջական պարտականություններին:

«Արտաքին քաղաքականության ոլորտում մենք բացառելու ենք «էժանագին ճարպկության» քաղաքականությունը: Մենք կվերականգնենք երկրի՝ որպես կանխատեսելի գործընկերոջ նկատմամբ վստահությունը: Երկկողմ մակարդակում մենք մեր բարեկամներին կառաջարկենք նոր, հասկանալի օրակարգ», - ասաց Քոչարյանը, հորդորելով ձերբազատվել «պարտվածի բարդույթից»:

Նա վստահություն հայտնեց, որ կա արագ վերականգնման ներուժ, կա դաշնակիցներին, առաջին հերթին՝ Ռուսաստանին դրանում հետաքրքրելու հնարավորություն։

«Մեր դաշնակիցների հետ միասին մենք ի վիճակի ենք պաշտպանել Հայաստանի Հանրապետության իրավունքները և վերականգնել մեր կորցրած դիրքերը միջազգային, առաջին հերթին՝ անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպություններում»,- ասաց Քոչարյանը: