Բավ է պառակտվել
09-09-2019 16:57

Բուռն կրքեր ԱԺ –ում


Նախօրեին պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ պահանջեց վերադարձնել համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Թվում էր,թե այսօր՝ ԱԺ նիստերի մեկնարկին որևէ հստակեցում կլինի, բայց հարցն այդպես էլ մնաց առկախված։ Արման Բաբաջանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ «Ռադիոլուրի» հետ զրույցում, սակայն, նշեց, որ վաղը հանդես կգա հայտարարությամբ։ Ու մինչ Արման Բաբաջանյանը կհայտարարի իր որոշման մասին՝ ԱԺ –ում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ասաց․ «պայմանավորվել ենք այս ընթացքում իրար վրա ցեղ չենք շպրտելու»։
«Մեր ծրագիրն իրականացնելու համար մենք ստացել ենք 18 մանդատ ու յուրաքանչյուր անձի տակ մանդատ կա եւ Արման Բաբաջանյանն էլ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որը դուրս է գալիս խմբակցությունից»:,–ասաց Մարուքյանը։
Իսկ նիստերի դահլիճում հաստատվում էր օրակարգը։ Նախ օրակարգային հարցերից առաջ խորհրդարանը քննարկեց հանձնաժողովներում արդեն բացասական եզրակացություն ստացած նախագծերը՝ օրակարգ բերել-չբերելու հարցը։ Նախագծերը վեցն էին, բոլորը՝ ընդդիմության առաջարկած։ 4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։ Հատկապես բուռն քննարկվեց ԼՀԿ խմբակցությունը ներկայացրած մի նախագիծ, որի ընդունման դեպքում հնարավոր կլիներ բացահայտել հանքերի իրական սեփականատերերին՝ անկախ նրանց սեփականության բաժնից։ Ներկայում ՀՀ օրենսդրությամբ բացահայտման են ենթակա 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողները։ Իմ քայլական պատգամավորները, սակայն, դեմ են քվերակեցին։ Մասնավորապես, տնտեսական հանձնաժողովի անունից Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ նախագծին պետք է դեմ քվեարկել, քանի որ այս պահին այն ժամանակավրեպ է։
« Ներկայում պատրաստվում է հանքերի 10 տոկոս և ավելի մասնաբաժին ունեցողների ցուցակը․ եթե դա բավարար չլինի, իրենք պատրաստ են հետագայում նորից անդրադառնալ այս հարցին»,–ասաց Գևորգյան։
Նախագծի մերժումից հետո ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նախ հիշեցրեց, որ նախկինում շատ էր խոսվում, որ այս կամ այն հանքը պատկանում է այս կամ այն պաշտոնյային, ու դա հնարավոր չէր լինում ապացուցել։ Մարուքյանն էլ ավելացրեց որ հիմա եկել է բացահայտելու ժամանակը,հետևաբար անհասկանալի է մերժման պատճառները։
Ոչ պակաս բուռն քննարկվեց ԲՀԿ –ի նախագծերից մեկը, որին հանձնաժողովը դարձյալ բացասական եզրակացություն էր տվել,ու այն ևս չընդգրվեց լիագումար նիստերի օրակարգ։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանը առաջարկում էր քրեականացնել անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը կառավարությունը հետևյալ հիմնավորմամբ էր մերժել նախագիծը։
«Կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել երկու պատճառաբանությամբ։ Առաջին՝ ասում են, որ պարզ չէ, թե ինչ ասել է ոչ սեռական ավանդական կողմնորոշում, դա անորոշ հասկացություն է։ Այստեղ մարդ կա՞ որ այդպես է մտածում։ Երկրորդ այն է, որ նման հանցակազմ արդեն իսկ կա քրեական օրենսգրքում։ Վկայակոչում են հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անառակաբարո գործողությունների համար, իսկ մյուս հոդվածը՝ պոռնոգրաֆիկ նյութեր տարածելու համար։ Կառավարությունը դրանք նույնականացնու՞մ է ոչ ավանդական սեռական կողմնորշման քարոզի հետ»,–ասաց Պետրոսյանը։
Նշենք,որ նիստի օրակարգում ներառվել էր 57 հարց, որից 40-ը՝ պարտադիր քննարկման։ Դրանց թվում են Հարկային օրենսգրքում, քրեակատարողական օրենսգրքում, աղբահանության մասին օրենքում ու տասնյակ այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը։

 

Արմինե Գևորգյան