ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից՝ կոչ արեց սպասել նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ավարտին, տեսնելու՝ կհաջողվի՞ այդ հանդիպումով Ադրբեջանի իշխանություններին բերել իրական դաշտ, թե պետք է լրիվ այլ գործընթացներ սկսվեն:
«Իմ գնահատականով միակ ակնկալիքն այն է, որ կարողանան վերջապես Ադրբեջանին իրական դաշտ բերել: Որովհետև այն, ինչ ինքն անում է հակասում է և միջազգային իրավունքին, և միջնորդների բոլոր հորդորներին, և ընդհանուր առմամբ միջազգային պրակտիկային: Այնպես որ քիչ է մնացել, տեսնենք կհաջողվի այդ հանդիպումով Բաքվի ղեկավարությանը բերել իրական դաշտ, թե՞ պետք է լրիվ այլ գործընթաց սկսվի»,- ասաց Շ.Քոչարյանը:
Փոխանախարարն անդրադառնալով հարցին՝ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահների հայտարարությունները վերջին շրջանում վերջնագրի տեսք ունեն, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ բեկումնային իրադարձություն է սպասվում, պատասխանեց. «Դա մի ուղղության սկիզբն է: Միջնորդները սովորաբար փորձում են մշտապես դնել հավասարության նշան, սակայն արդեն ակնհայտ է, որ կա փոփոխություն: Իհարկե, դա դեռ բավարար չէ, բայց այնուամենայնիվ, այդ փոփոխությունը կա: Արդեն հայտարարություններում հստակ երևում է հասցեատերը: Եվ կարծում եմ, որ եթե Բաքուն վերջիվերջո իրական դաշտ չգա, ապա դա ավելի է խորանալու»:
Ինչ վերաբերում է սահմանին լարվածությանը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ Ադրբեջանը դիվանագիտության ոլորտում էլ է սրում իրավիճակը. «Նույնն է նաև դիվանագիտության ոլորտում, որովհետև տեղի է ունենում փաստացի խեղաթյուրում թե բանակցային, թե միջազգային իրավունքի: Այսինքն՝ այն դիրքորոշումը, որը որդեգրել է Ադրբեջանը՝ լինի դա ուժային դաշտում, թե դիվանագիտական, լիովին իրար համապատասխանում են: Ավելին, ի սկզբանե ղարաբաղյան հակամարտության հարցում Բաքուն որդեգրել է ուժային քաղաքականություն՝ Սումգայիթով, ջարդերով և այդպես շարունակ, ու առայսօր դրանից չի հրաժարվել»:
Նրա խոսքերով՝ քանի դեռ պաշտոնական Բաքուն չի հրաժարվել դրանից, որևէ առաջընթաց բանակցային գործընթացում անհնար է սպասել:
Շ.Քոչարյանը միաաժամանակ ասաց, որ միջազգային հանրության մոտ գնալով պետք է հասունանա այն միտքը, որ ելքը միայն Լեռնային Ղարաբաղի Հանրության միջազգային ճանաչումն է:
Բավ է պառակտվել