Բավ է պառակտվել
13-03-2015 10:29

Հարավային Կովկասի բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է.Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել՝ այլ երկրների կառավարությունների ու խորհրդարանների վրա ազդելու համար: Չավուշօղլուն դարձյալ մեղադրել է Հայաստանին՝ «Թուրքիայի պարզած բարեկամության ձեռքը չընդունելու համար»: 
«Մենք բարեկամություն հաստատելու համար ձեռք ենք մեկնում, սակայն տգեղ ձևով մերժում են այն: Հարավային Կովկասում բոլոր խնդիրների կենտրոնում Հայաստանն է: Բոլոր հարևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է կանգ առնի և հետ նայի»,-ասել է Չավուշօղլուն: 
Նա նշել է, որ Թուրքիայի հայերը, այլ համայնքների ներկայացուցիչների նման, եկեղեցիներ են հետ ստացել, սակայն Հայաստանը «շարունակում է պոպուլիստական մոտեցում ցուցաբերել»: 
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի ջանքերին ի պատասխան՝ Թուրքիան մշակութային, քաղաքական ու դիվանագիտական հարթակներում նախազգուշական քայլեր է ձեռնարկում: 
«Ապրիլի 24-ին Չանաքքալեի մարտերին նվիրված միջոցառումների ընթացքում ողջ աշխարհին բարեկամության ու խաղաղության մեսիջ ենք հղելու»,- ասել է Չավուշօղլուն: 
Անդրադառնալով Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձի հրապարակմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ հավանաբար Օբաման նախկինի նման արտահայտություններ է օգտագործելու և որ դրանից դուրս ասված խոսքերը թուրք-ամերիկյան հարաբերություններին լուրջ վնաս կարող են հասցնել: