Բավ է պառակտվել
02-12-2019 20:57

Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի «պուծյովկա՞» եք տալիս»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը այսօր բավականին թեժ էր անցնում: Պատճառը արդարադատության նախարարության բերած ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծն է, որին բուռն ընդդիմանում Էր ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Ժողովրդական խոսք կա. ասում են՝ ձուկը գլխից է հոտում, պետք է գլխից բռնես։ Բարեփոխումները մեծ դատարաններից սկսեք, ոչ թե ՍԴ-ից։ Որ ասում եք՝ ՍԴ-ի հանդեպ վստահության պակաս կա, ո՞նց եք ստուգել», - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարց ուղղեց ԲՀԿ –ական պատգամավորը։
Պետրոսյանի խոսքով՝ հասարակությունն արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի, բայց անվստահություն ունի նաև շատ այլ համակարգերի նկատմամբ։

«ՏԻՄ-երին վստահո՞ւմ են։ Գնացեք, տեսեք՝ քաղաքապետարանի ու կառավարության դուռն ինչքան բողոքող կա։ Գնացեք, տեսեք՝ ոստիկանության նկատմամբ ինչքան դժգոհություն կա։ Դե եկեք բոլորին ասենք՝ «Ձեզ չեն վստահում, եկեք փողերը տանք, գնացեք տուն, ոտքերը պարզեք, հեռուստացույց նայեք և վայելեք կյանքը»։ Էս ինչի՞ եք ընկել ՍԴ-ի դատավորների հետևից։ Եթե մարդը նորմալ աշխատում է, ինչի՞ չեք ուզում նա իր գործունեությունը շարունակի։ Եթե վատ է աշխատում, պատժեք։ Մինչդեռ այն դատավորներին, որոնք ձեզ անվստահություն են ներշնչում, ասում եք՝ գնացեք, անհոգ ապրեք։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի «պուծյովկա՞» եք տալիս», - հարց ուղղեց նա։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հերթին վստահեցրեց, որ որևէ դատավորի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չկա։ «Մենք խնդիր ունենք լուծելու ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, մենք դատավորներին տարանջատելու նպատակ չունենք», - ասաց նա։

Գևորգ Պետրոսյանին սակայն չբավարարեց նախարարի պատասխանը՝ նա շարունակեց հարցերի շարանը։ «Երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դիմում էր Վենետիկի հանձնաժողով, ասում էիք՝ «Դրսից տղա է բերում»։ Բա էս ո՞նց է, որ դիմել եք նույն Վենետիկի հանձնաժողով։ Էս ի՞նչ հաշիվ է։ Այսինքն՝ ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողովով, ուրիշներին չի՞ կարելի։ Եթե կա ՍԴ-ն անցանկալի մարդկանցից ազատելու և ցանկալի մարդկանցով համալրելու խնդիր, բարի եղեք ճշմարտությունը խոստովանել։ Իմ կարծիքն այն է, որ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի հետևում կանգնած է կոնկրետ անձնաց Սահմանադրական դատարանից հեռացնելու և սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու նպատակը։ Այնուհետև նպատակ կա «սղացնելով» վավերացնել ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող պայմանագրերը», - ասաց պատգամավորը։

Պետրոսյանը հաջորդ հարցը ուղղված էր հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, թե կոնկրետ որ որոշման համար է անվստահություն առաջացել Սահմանադրական դատարանի նկատմամբ: Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց, Պետրոսյանն Էլ արձանագրեց, որ պատգամավորը չպատասխանեց իր հարցին:
«Պարոն Պետրոսյան, սա քննություն չի, ես էլ Ձեր ուսանողը չեմ», -ասաց Սուրեն Գրիգորյանը:
«Որ իմ ուսանողը լինեիք, էստեղ նստած չէիք լինի»,-հակադարձեց Պետրոսյանը։

 

Արմինե Գևորգյան