Բավ է պառակտվել
19-07-2016 12:19

Զինված խումբը իշխանությունների պահանջ-առաջարկին կպատասխանի ժամը 7-ին

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը Խորենացու փողոցում հավաքված լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունից ստացել է հավաստիացում այն մասին, որ հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության պարեկապահական ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամների հետ «բանակցությունները խզված չեն», թեև նրանց հետ հեռախոսակապն անջատված է:

«Ես համապատասխան կողմից ստացել եմ հավաստիացում, որ բանակցությունները խզված չեն: Դրա համար ես անկեղծորեն շատ գոհ եմ, ուրախ եմ», - նշեց Ենիգոմշյանը և ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ հաստատեց, որ հավաստիացումը ստացել է ԱԱԾ-ից:

Այսօր ավելի վաղ Ենիգոմշյանը լրագրողների հետ զրույցում հեռախոսակապի անջատումը գնահատել էր «բանակցությունների շարունակման առումով ոչ նպաստավոր քայլ» և իշխանություններից հավաստիացում էր պահանջել այն մասին, որ բանակցությունները խզված չեն:

«Ինչո՞ւ եմ ասում դա․ դուք գիտեք, որ երկուշաբթի օրը սկսել եմ բանակցությունները, երեկ այդ բանակցությունները շարունակվել են և ԱԱԾ ղեկավարության կողմից պահանջ-առաջարկ է ներկայացվել «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Ես երեկ հանդիպել եմ և՛ Ժիրայր Սեֆիլյանին, և՛ «Սասնա ծռեր» խմբին, և՛ ԱԱԾ պատասխանատուների հետ: Եվ ես փոխանցել եմ ԱԱԾ պատասխանատուների առաջարկ-պահանջը, որի մանրամասներն այս պահին չեմ ասի: Եվ այդ տղաները ասել են, որ իրենք դրա պատասխանը կտան այսօր ժամը 7-ին: Պետք է տային ինձ, որպեսզի ես փոխանցեի պատկան մարմիններին», - նշել էր նա:

Համապատասխան հավաստիացումը ստանալուց հետո Ենիգոմշյանը մանրամասնեց․ - «Բնականաբար, ես հեռախոսով չեմ ստանալու այդ պատասխանը, բայց ես պահանջում եմ, որ այդ հեռախոսակապը լինի, և մնացածը կտեսնենք»: